«Լուսավոր Հայաստանը» անհիմն է համարում Կառավարության պատասխանը

Կառավարությունը, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարից ստացած գրավոր պատասխանի, չունի բավարար իրավական հիմքեր Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հակասահմանադրական ճանաչվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Կառավարությանը՝ պահանջելով Վանաձորի ավագանու անդամների կեսից ավելիի բացակայության պայմաններում այս տարվա մարտից կայացված նիստերն անօրինական ճանաչել, դադարեցնել ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ նշանակել:

Ընդդիմադիր կուսակցության դիմումի պատասխանի մեջ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է մինչև հիմա իշխանական թևերի կողմից առաջ քաշված տեսակետը, թե չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, ավագանին առաջնորդվել է տվյալ պահին գործող օրենքի համաձայն։

Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն «Ազատությանն» ասաց, որ կանխատեսելի էր Կառավարության պատասխանը, սակայն այս պահին դեռ չեն քննարկել իրենց հետագա անելիքները։

Երեկ «Ազատության» կիրակնօրյա վերլուծականին տված հարցազրույցում Մարուքյանն ասել էր, որ նկատի են առնում բոլոր հնարավոր սցենարները․ - «Մեր որոշումներով հանդես կգանք և կներկայացնենք մեր հետագա քայլերի մասին: Որովհետև դրանց մեջ որևէ սցենար չի բացառվում՝ այդ թվում նաև՝ նիստերին մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո ավագանիում մեծամասնություն ունեցող ու իրենց ընդդիմադիր հռչակած երեք կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» կոալիցիա էին կազմել ու պայմանավորվել քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանին: Սակայն, երբ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը, այդ երեք խմբակցությունները բոյկոտ հայտարարեցին ու չներկայացան ավագանու նիստերին:

Դրանից հետո նիստեր չէին կայանում՝ քվորումի բացակայության պատճառով։ Մինչդեռ 6 ամիս անց՝ հիմք ընդունելով Վանաձորի ընտրություններից 2 ամիս հետո Ազգային ժողովի կողմից ՏԻՄ օրենքում ընդունված փոփոխությունները, ավագանու միայն Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների անդամների մասնակցությամբ նիստեր գումարվեցին։

Ընդդիմությունը, կասկածի տակ առնելով դրանց օրինականությունը, դիմել էր Սահմանադրական դատարան։ Դատարանը, ըստ ընդդիմադիրների, նպաստավոր որոշում կայացրեց, որը հիմք էր ստեղծում Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար, սակայն Կառավարությունը փաստորեն չգնաց այդ քայլին։

Քրիստ Մարուքյանը անհիմն է համարում Կառավարության մերժող պատասխանը՝ նշելով, թե չեն հարգվել պետականության ինստիտուտները․ - «Եթե դուք հանուն տեղական իշխանության ինչ-որ մի փոքր իրավիճակի թքած ունեք, ենթադրենք, Սահմանադրության, սահմանադրականության, պետության ճակատագրի վրա, դրանով դուք ոչ մի պատիվ չեք բերում ո՛չ ձեզ, ո՛չ մեր պետությանը: Բայց դա մի բան է, որը որ դժվար է ընկալել և ընդունել՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է իշխանությունը կորցնելուն: Դրանով է պայմանավորված, որ ամեն կերպ փորձում են արդարացնել էն ամեն ինչը, որ տեղի է ունեցել Վանաձորում»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շարունակում է պնդել նախկինում արտահայտած իրենց տեսակետը՝ ավագանու փոքրաթիվ անդամների ներկայությամբ կայացած նիստերն անօրինական չեն եղել և շարունակելու են դրանք, մանավանդ, որ մեկ ամիս առաջ իրենց միացան նաև «Հայկական վերածնունդ» խմբակցության 5 անդամները․ - «Մեր գործողություններում անօրինականություն փնտրելը կամ հակաօրինական բան փնտրելը լրիվ կեղծ օրակարգ է, մանավանդ՝ եթե դա շեշտադրում են իրավաբանները»:

Դեկտեմբերի 20-ին համայնքի ավագանին կընդունի 2018 թվականի բյուջեն։ «Լուսավոր Հայաստանը» դեռ չի հստակեցնում՝ արդյո՞ք կմասնակցի նիստին, թե՞ ոչ։ Մինչ այդ հայտարարված հանրային քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցել։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին ասաց. - «Նախորդ օրն էլ մենք ունեցանք բյուջեի բաց քննարկում՝ ավագանիների ներկայությամբ, և էլի մեր ընդդիմադիր գործընկերները ներկա չէին: Ես որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել»: