Այսօր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերին։ ՊՆ փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։
ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական և հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը հանդիպում է ունեցել նաև ԵՊՀ-ի ուսանողների հետ, որի ժամանակ դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 25 տարիները