«Չինաստանը և Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգթոն, 15 դեկտեմբերի, 2017թ.

Դոնալդ Թրամփը կներկայացնի ազգային անվտանգության հայեցակարգը:

Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կներկայացնի Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը:

Վերլուծաբանների ենթադրությամբ, Թրամփը կընդգծի, որ ներկայիս աշխարհում Նահանգների երկու հիմնական մրցակիցներն են Չինաստանը և Ռուսաստանը: Ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղերձի հիմնական թեզը կլինի Թրամփի նախընտրական քարոզարշավի հայտնի կարգախոսը՝ «America First» («Նախևառաջ Ամերիկան»):

Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը հրապարակելու ավանդույթի հիմնադիրը նախագահ Ռոնալդ Ռեյգանն է:

Փաստաթղթում, որը սովորաբար հրապարակվում է չորս տարին մեկ անգամ, նախագահները նշում են նախևառաջ արտաքին, բայց նաև ներքին քաղաքականության առավել հրատապ դրույթները և ներկայացնում դրանց հաղթահարման ուղիները:

Ո՞վ կամ ովքե՞ր են խագնարում Ամերիկային նորից դառնալ մեծ տերություն: Նախագահի համոզմամբ, վտանգը բխում է երեք կենտրոններից՝ առաջինը ռևիզիոնիստական երկրներն են, մասնավորապես, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին և արժեքներին հակասող աշխարհակարգ:

Երկրորդը վտարանդի ռեժիմներն են, որոնք սպառնում են հարևաններին, ապակայունացնում են ամբողջ տարածաշրջաններ, ստեղծում են զանգվածային բնաջնջման զինատեսակներ: Այս խմբին են ամերիկացիները դասում Հյուսիսային Կորեան և Իրանը:

Եվ երրորդ խմբում են վերազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք կարող են մահաբեր գործողություններ իրականացնել մոլորակի տարբեր մայրցամաքներում, փորձում են ստեղծել զանգվածային ոչնչացման զենքեր:

Երեկոյան հրապարակվելիք հայեցակարգում կնշվեն նաև ազգային անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ չորս նպատակները՝ երկրի և ամերիկյան կենսակերպի պաշտպանությունը, Միացյալ Նահանգների տնտեսական բարգավաճումը, ուժի միջոցով խաղաղության պահպանումը և միջազգային ասպարեզում ամերիկյան ազդեցության ամրապնդումը:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի փոխանցմամբ, անցած տարիների ընթացքում Ամերիկան նահանջել է մրցակցություն ենթադրող շատ բնագավառներում, և այդ բացը լրացրել են Ռուսաստանն ու Չինաստանը, «որոնք խարխլում են աշխարհակարգը և կայունությունը, անտեսում են հարևանների ինքնիշխանությունը և օրենքի գերակայությունը»:

ՄըքՄասթերը դեռ անցած երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ասել է, թե Ռուսաստանը հեղինակել է պատերազմ վարելու նոր հնարք, կիրառում է ապատեղեկատվության և պրոպագանդայի մեթոդներ, կիբերգրոհներ է իրականացնում, տարբեր երկրներում փորձում է պառակտել հասարակությունը և ղեկավարության նկատմամբ անվստահություն սերմանել:

ՄըքՄասթերը վկայակոչել է ամերիկյան հետախուզության տվյալները, որոնց համաձայն, ռուսները տարբեր եղանակներով միջամտել են 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին:

Ըստ Թրամփի հրապարակելիք զեկույցի, Չինաստանն ու Ռուսաստանը մարտահրավեր են նետում Միացյալ Նահանգների հզորությանը, ազդեցությանն ու շահերին, փորձում են վնաս հացնել ամերիկյան անվտանգությանն ու բարգավաճմանը:

Այդ երկու երկրները հետզհետե իրենց տնտեսությունները դարձնում են անազատ և անարդար, ավելացնում են ռազմական բյուջեները, հսկողության տակ են պահում տեղեկության և տվյալների տարածումը, սահմանափակում են իրենց հասարակության իրավունքները՝ նպատակ ունենալով նման գործելակերպով ամրապնդել իրենց ազդեցությունն աշխարհում:

Վերլուծաբանները նշում են, որ մատնացույց անելով երկու մրցակիցներին՝ Սպիտակ տունը նկատել է տալիս, որ Պեկինի և Մոսկվայի քաղաքական դիրքորոշումներն իրապես մտահոգություն են պատճառում, թեպետ ինքը Թրամփը ջանքեր է գործադրում Սի Ծինպինի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բարելավելու համար: