Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն՝ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանի համոզմամբ՝ որևէ երկիր ահաբեկչությունից ապահովագրված չէ, «այդ թվում Հայաստանը»:
«Ազատության» հետ զրույցում Ցոլակյանն ընդգծեց՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները, Հայաստանը պետք է կատարելագործի թե՛ օպերատիվ հետախուզական աշխատանքները, և թե՛ տեխնիկական միջոցները: Անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում, նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ահաբեկչության դեմ պայքարի առումով հատկապես կարևորել է երեք ուղղություն՝ օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը (այդ թվում՝ տեխնիկական միջոցների, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացում), միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը:
«Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, և կապերն այնպիսին են, որ որևէ մեկն ահաբեկչությունից ապահովագրված չէ: Հայաստանն այդ երկրների մեջ է, ի՞նչ տարբերություն: Այսօր մենք հարևաններ ունենք, հազար ու մի բան կա․․․ ես չեմ կարող ամեն ինչ մանրամասնել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրան: Հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռևս 2012-ին հաստատված ծրագիրը կատարելագործման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:
Հարցին՝ Հայաստանն առավելապես ներքի՞ն, թե արտաքին ահաբեկչության վտանգների առջև է կանգնած, 2007-ից 2013 թվականը ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած՝ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, թե չի կարող ասել՝ որտեղից և ինչ է սպասվում: Այդուհանդերձ, նա հիշատակեց ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը, ըստ որի, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին ահաբեկչություն է նախապատրաստել Հայաստանում:
«Տեսաք՝ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, պարզ նշել էր կոչեր և այլն, որոնք ահաբեկչության նշաններ են իրենց մեջ պարունակում: Դուք գիտեք, որ «Ֆեյսբուքն» այսօր շատ ուժեղ դեր է կատարում այս հարցում, և մարդը դրանից օգտվում է: Հիմա օգտվել է, բացահայտվել է»,- նշեց ԱԱԾ նախկին փոխտնօրենը՝ հավելելով․ «Տվյալ դեպքում ահաբեկչություն չի կատարվել, բայց փորձ կա»:
Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի նիստից ուղիղ մեկ օր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, նշելով, թե հիշյալ անձը Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ, պայթյուններ և այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով՝ փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱԱԾ-ն ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Թե ինչու են վերջին շրջանում, դատելով իրավապահների հաղորդագրություններից, պարբերաբար զինված խմբեր ստեղծվում, որոնք փորձում են իշխանության դեմ զինված հարձակումներ իրականացնել, ԱԱԾ պետի նախկին տեղակալը դժավարանում է տալ այդ հարցի պատասխանը, պատկերավորելով՝ «Մեկը տերտեր է սիրում, մյուսը ՝տերտերի կին»: «Ինչքան մարդ, էնքան մտածելու տարբեր ձևեր: Եթե փորփրենք, միշտ էլ եղել են էսպիսի բաներ: Հաճախականությունը ես չեմ կարող այսօր ներկայացնել, չեմ կարող ասել, թե նախկինում ինչ է եղել, վաղը ինչ է լինելու»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի հիշյալ նիստի ժամանակ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ահաբեկչության դեմ տարվող պայքարի հիմնախնդիրների վերաբերյալ հանդես են եկել զեկույցներով: Թե ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանն այսօր ինչ մարտահրավերների առջև է կանգնած, այս հարցի առնչությամբ Ոստիկանությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանը, նշված հարցի վերաբերյալ եղել է պաշտոնական տեղեկատվություն և ավելացնելու բան այս պահին չունեն: