Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Սանկտ Պետերբուրգում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկատվության համար

Վիետնամ - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, Դանանգ, 11-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև կայացել է երկրորդ հեռախոսազրույցը վերջին մի քանի օրվա ընթացքում:

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների շնորհիվ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարողացել են կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրվող մեծ ահաբեկչությունը: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել թե՛ նրան, թե՛ ԿՀՎ ղեկավարին ու աշխատակիցներին՝ ռուսական կողմին այդ տվյալները փոխանցելու համար, ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Պուտինի խոսքով, հաղորդում է Կրեմլը, այդ տեղեկատվությունը օգնել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին կանխել ահաբեկչական հարձակումը և ձերբակալել ահաբեկիչներին, որոնք պատրաստում էին հարձակումներ այդ թվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թերևս ամենահայտնի վայրում՝ Կազանյան տաճարում:

Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները ունենան ԱՄՆ-ի դեմ պատրաստվող ահաբեկչության մասին տվյալներ, նրանք նույնպես անհապաղ այդ տեղեկատվությունը կփոխանցեն ամերիկյան կողմին:

Միացյալ Նահանգների նախագահի մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է, որ նման հեռախոսազրույց տեղի է ունեցել:

Ուրբաթ օրը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում էին դեկտեմբերի 16-ին մի շարք պայթյուններ կազմակերպել Սանկտ Պետերբուրգում, հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների:

Ռուսաստանի հատուկ ծառայությունների տարածած տեսահոլովակում ձերբակալվածներից մեկը՝ Եվգենի Եֆիմովը ասում է, որ ուզում էր պայթուցիկ սարք պատրաստել Կազանյան տաճարում պայթյուն կազմակերպելու համար:

Վերջին անգամ ահաբեկչական մեծ հարձակում Ռուսաստանում տեղի էր ունեցել հենց Սանկտ Պետերբուրգում՝ այս տարվա ապրիլի 3-ին, երբ մետրոպոլիտենում պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 51-ը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև երկու օր առաջ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնապես հաղորդվեց, որ քննարկված հիմնական հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն էր: