«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ կրկին հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։
Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջերում այսօր տեղադրած տեսագրությունում նշում է, որ մեկ ամիս տևած քննարկումներն արդյունք չեն տվել։
«Ես ընկերոջս հետ կրկին հացադուլ ենք սկսել։ Հացադուլի պատճառը հետևյալն է՝ նախօրոք եթե նշում են, որ 5-րդ կետն օգտագործում են որպես ճանապարհ՝ արժանի ուսանողներին հնարավորություն տալու, կրթության անընդհատության սկզբունքը պահպանելու համար, որ շարունակեն իրենց ուսումը, այդ խոսքերն ուղղակի զրոյի հավասարվեցին, երբ մի քանի անգամ ասվեց, որ բացառիկ ուսանողներ կան, հանճարեղ ուսանողներ կան։ Այս չափանիշներին մենք դեմ ենք, եթե 5-րդ կետում նշվում է, որ նշանակալի նվաճումներով ուսանողներին տրվելու է տարկետում, ո՛չ Կրթության և գիտության նախարարությունը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը չգիտեին, թե ինչպիսի չափանիշների միջոցով պետք է հասկանալ, թե նշանակալի նվաճումը որն է։ Սկզբունքներ կային, որոնց մենք դեմ էինք, քանի որ կարծում էինք, որ դրանք հնարավորություն չեն ստեղծելու արժանի ուսանողներին շարունակելու իրենց կրթությունը», - նշում է Պետրոսյանը՝ հավելելով. - «Հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կոնստրուկտիվ ճանապարհով, այլ բանակցությունները գնում են, ուղղակի որպեսզի գնան»:
Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը լուրջ քննարկումների տեղիք էր տվել։ Օրինագծին դեմ արտահայտվողները պնդում էին, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։
Մի խումբ ուսանողներ դասադուլ սկսեցին։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն էլ, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը հացադուլ հայտարարեցին։
Ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին միայն նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ։
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում, կառավարության և խորհրդարանի հինգ ներկայացուցիչների հետ ավելի քան չորս ժամ տևած քննարկում-բանավեճից հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: