Մահմուդ Աբասի շարժումը ԱՄՆ-ի փոխնախագահի այցի դեմ ցույցերի կոչ է անում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի ցույց Մոնտենեգրոյում, ԱՄՆ-ի դեսպանատան առջև, Պոդգորիցա, 15-ը դեկտեմբերի, 2017թ․

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի «Ֆաթահ» շարժումը երեկ «զայրացած» ցույցերի կոչ է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի՝ Երուսաղեմ կատարելիք այցի դեմ: Փենսը Երուսաղեմ է այցելելու դեկտեմբերի 20-ին:

Պաղեստինը, ինչպես նաև մի շարք մահմեդական երկրներ քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 6-ի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին:

Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսել է Թրամփի որոշումը արգելափակող բանաձևի քննարկումը: Բանաձևի ընդունման համար 9 ձայնէ հարկավոր, սակայն ԱՄՆ-ը հնարավորություն ունի վետո դնելու բանաձևի վրա, եթե այն ընդունվի:

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:

Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակիցները ավելի վաղ զգուշացրել էին, որ այս քայլը կարող է կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը: