Հայ-իրանական սահմանին բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Այսօր հայ-իրանական սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացմանը մասնակցող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ սա նպաստելու է բիզնեսի զարգացմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ռեժիմները թույլ կտան, որպեսզի իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսեն և արտահանում կատարեն դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ: Նույն նպաստավոր պայմանները, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, կան նաև դեպի Իրան արտահանման համար։

«Մենք վստահ ենք, որ այն պայմանները, որ ստեղծվելու ա ազատ տնտեսական գոտում, և այն հնարավորությունները, որը որ ունի մեր երկիրը․․․ շատ լավ հարթակ է, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշեց Կարեն Կարապետյանը:

Ազատ տնտեսական գոտու բացումից հետո մի շարք տնտեսվարողների հետ պայմանագրեր ստորագրվեցին։ Վարչապետն ասաց, որ սա դեռ գործի անգամ կեսը չէ, և ազատ տնտեսական գոտու հաջողությունը կախված է աշխատանքից:

Կարեն Կարապետյանը նաև շեշտեց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և նրա թիմը իր ուշադրության կենտրոնում են լինելու․ - «Այն, ինչ որ սպասում էինք, այն ստացել ենք լավ: Բայց դա շատ-շատ-շատ դեռ փոքր բաժինն է և սկիզբն է: Հիմա պետք է ամենօրյա աշխատանք»:

Վարչապետի խոսքով, ազատ տնտեսական գոտում իրենք նախատեսում են ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին հայ-իրանական երկկողմ առևտուրը կազմել է 211․4 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6 տոկոսով։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը․ - «Նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում, որ 50-70 շահագործողներ մուտք կգործեն ազատ տնտեսական գոտի, կիրականացվի 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, և այն ծրագրերը, որը որ մենք տեսնում ենք և հավանական է, որ քննարկենք, կապահովի մոտ 250 միլիոնի արտահանում»:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ասաց, որ արդեն մի շարք գործարարներ են դիմել իրենց Ուկրաինայից, Վրաստանից և Բելառուսից, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ազատ տնտեսական գոտում։

Հակոբյանը ասաց, որ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում են ակնկալում․ - «Մեր համար շատ կարևոր ա, որպեսզի ապրանքի շարժ լինի, գումարային շարժ: Դա անկասկած բերելու է մեր մարզի տնտեսական զարգացման լրացուցիչ դրդող հանգամանքի, որը միանշանակ ողջունելի ա»:

Դեկտեմբերի 20-ին արդեն, մարզպետի խոսքով, Իրանից մեծ պատվիրակություն են հյուրընկալելու։ Կապանում բացվելու է Իրանի առևտրային գրասենյակը, և հուսով են Կապանի և իրանական Ջուլֆա քաղաքի միջև ավտոբուսային ուղի կհաստատվի։