ԿԸՀ-ն մերժեց Փոստանջյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը։

Փոստանջյանը ԿԸՀ-ից պահանջում էր վաղաժամ դադարեցնել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի մանդատները։

Ըստ Փոստանջյանի, Պետրոսյանն ու Պարակշիևը ավագանիում իրենց գործունեությամբ խախտում են հավասարակշռությունը, հետևաբար նրանք պետք է վայր դնեն մանդատներն ու իրենց տեղը զիջեն «Երկիր Ծիրանի»-ի մյուս անդամներին։

«Մեկ հիմք ցույց տվեք օրենսդրական, որով ես իրավունք ունեմ մանդատ դադարեցնելու», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոքարկել ԿԸՀ որոշումը։

Հիշեցնենք, ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն անվստահություն էր հայտնել ավագանիում իր խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին։ Կուսակցությունը նշում էր, որ անվստահության հիմք է ընդունվել նրանց կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը։

Պետրոսյանն և Պարակշիևն իրենց հերթին հայտարարում էին, որ մանդատները վայր չեն դնելու, գործելու են ընդիմադիր դաշտում, մնալու են ավագանու անկախ անդամներ, որևէ խմբակցության մեջ չեն մտնելու և բաց են համագործակցության համար։