Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեկտեմբերի 13-ին Աթենքում ցյուրիխյան արձանագրությունների մասին արված հայտարարությանը:
«Նալբանդյանն ասել է, թե Թուրքիան է պատասխանատու այդ Արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այս պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցելու համաշխարհային հասարակական կարծիքը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Անկարան նշում է, թե Թուրքիան հետամուտ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց:
«Չնայած Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է Արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս Արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար, կարևոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն ապահովվի: Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների ներխուժմանը», - ասված է հայտարարությունում:
Անկարան նաև անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարի ելույթի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածին։ «Էդվարդ Նալբանդյանի ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը», - ասված է հայտարարությունում:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ասել էր. - «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»: