ԱՄՆ և ՄԹ դեսպանների նկարահանած տեսահոլովակը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը 3 րոպեանոց տեսանյութ են նկարահանել ամերիկյան և բրիտանական անգլերենների տարբերությունների մասին, որն այս հոդվածի հրապարակման պահին արդեն 50 հազարից ավելի դիտում էր ունեցել։ Հաջողել են հենց առաջին փորձից, թեև երեք րոպեանոց զրույցը նկարահանելու համար դեսպաններից մոտ երկու ժամ է պահանջվել:

«Կուզեի ասել, որ իմ անձնական նախաձեռնությունն է, բայց ․․․ իմ շուրթերից հնչող ցանկացած ծիծաղելի, սրամիտ խոսք կամ Ուինսթոն Չերչիլին է պատկանում, կամ էլ մեր անձնակազմից մեկն է պատրաստել ինձ համար», - պատմեց Միլսը: - «Այս պարագայում էլ իմ հրաշալի անձնակազմը և հանրային կապերի բաժինը, Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ, այս գաղափարի հեղինակներն ու սցենարիստներն են: Սա մի նախաձեռնություն էր, որ ներքևից էր գալիս: Հոյակապ ժամանակ անցկացրեցինք դեսպան Ֆարնուորթի և ռեժիսորի, տեղացի տեխնիկական անձնակազմի հետ: Այդ շաբաթվա ամենապայծառ իրադարձությունն էր ինձ համար»:

Մեծ Բրիտանիայի դեսպանը, իր հերթին, պատմում է․ - «Նախքան նկարահանումը փորձ չենք արել, փորձեցինք լավագույնս ներկայանալ, բայց կարծում եմ հատկապես տեսանյութի սկզբում շատ լավ երևում է, որ պրոֆեսիոնալ դերասաններ չենք»:

Ո՞րը հաղթեց՝ ամերիկյան, թե՞ բրիտանական անգլերենը․ հարցին երկու դեսպանները միանշանակ պատասխան չեն տալիս։ Ասում են նպատակը ոչ թե դափնիների արժանանալն էր, այլ այն, որ ավելի շատ հայաստանցիներ հետաքրքրվեն անգլերենով։

«Ես դիվանագետ եմ, չեմ ասելու․․․ երկու անգլերենն էլ շատ ճկուն են, անկախ նրանից ամերիկյան անգլերեն ես սովորում, թե բրիտանական, միևնույն է կարողանալու ես հաղորդակցվել ողջ աշխարհով մեկ», - նշեց Միլսը:

«Տեսանյութի իմաստը հենց դա էր՝ ցույց տալ, որ հաղթող չկա, մենք ուղղակի ցանկանում ենք, որ հնարավորինս շատ մարդ կարողանա անգլերեն խոսի: Եվ իրականում կապ չունի, թե որ անգլերենով ես խոսում, որովհետև երկուսի դեպքում էլ կարողանում ենք հասկանալ իրար», - հավելեց Ֆարնուորթը:

Տեսանյութում ԱՄՆ և Միացյալ թագավորությունների դեսպանները խոսում են իրենց այն ծրագրերի մասին, որոնց միջոցով աշակերտները, ուսանողները, մասնագետներն ու անգամ մեծահասակները կարող են բարելավել անգլերենի իմացությունը։ Ծրագրերին կարելի է ծանոթանալ այցելելով դեսպանատների պաշտոնական ու ֆեյսբուքյան էջեր։ Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծում է՝ սա չի նշանակում, որ բոլորն են պարտավոր անգլերեն սովորել․ - «Կարևոր է շեշտել, որ մենք բոլորին կոչ չենք անում անգլերեն սովորել, քանի որ մենք էլ հաճախ հայերեն կամ այլ լեզուներ չենք սովորում։ Երևի շատերն են մտածում, որ բրիտանացիները ջանքեր չեն գործադրում այլ լեզուներ սովորելու համար. մենք հույսը դնում ենք այն բանի վրա, որ մյուս ազգերն են անգլերեն սովորում: Ինչպես ասացի մենք չենք ակնկալում, որ բոլորն անխտիր անգլերեն են խոսելու, ու մեր կյանքը դրանից հեշտանալու է»:

Միացյալ Թագավորությանը դեսպանը ևս հեշտ կյանքի չի ձգտում։ Ասում է՝ փորձել է սովորել բոլոր այն երկրների լեզուները, որտեղ աշխատել է։ Յոթ լեզու գիտի. հերթն արդեն հայերենինն է: - «Ես փորձում եմ սովորել հայերեն: Հայերենը շատ դժվար լեզու է, մի մարտահրավեր է, որ ես փորձում եմ հաղթահարել», - նշեց Ֆարնուորթը:

Այս հարցում ևս ԱՄՆ դեսպանը ետ չի մնում: - «Իհարկե, որոշ հայերեն արտահայտություններ սովորել եմ: Հայերենը գեղեցիկ լեզու է, ինձ համար հայերեն բանաստեղծություններ են ընթերցել, մոգական էր հնչում: Երանի հայերեն ավելի լավ իմանայի, որ կարողանայի ավելի շատ խոսել այս լեզվով: Բայց սովորածս հերիքում է տաքսիում հաղորդակցվելու, ռեստորանում պատվեր տալու համար: Ցավոք, այդքան լավ չեմ խոսում, որքան կցանկանայի, բայց իրոք, հիասքանչ լեզու է», - ասաց Միլսը: