Այս տարի Վանաձորում թե՛ համայնքի և թե՛ պետական բյուջեների հաշվին ճանապարհներ են նորոգվել։ Ընդ որում համայնքը փողոցները մոտ 35 տոկոսով ավելի թանկ գնով է նորոգել, քան Կառավարությունը։
Քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքերում տեղադրված տվյալների համաձայն համայնքի բյուջեի դեպքում Վանաձորի ճանապարհների մեկ քառակուսի մետրը նորոգվել է 7,083 դրամով, իսկ պետական բյուջեի հաշվին՝ մեկ քառակուսի մետրի համար ծախսվել է 4,635 դրամ՝ մոտ 2,500 դրամով ավելի քիչ։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանն այստեղ կասկածելի բան է տեսնում․ - «Համայնքը պարտավոր էր ուսումնասիրություն կատարել, տեսնել Հայաստանում գործող քառակուսի մետրի գները որն են, իրենք ինչո՞ւ են այդքան բարձր նախահաշվային գին դրել, որ ինչ֊որ մեկն էլ մասնակցել է 7,000 դրամով և շահել»:
Դեռ գարնանը կառավարությունը շինարարական մրցույթ էր հայտարարել Վանաձորի ճանապարհների նորոգման համար, որի նպատակով նախատեսել էր 290 միլիոն դրամ։ Մինչդեռ, հայտարարված մրցույթում շահած 4 կազմակերպությունները գործն արել են 197 միլիոն դրամով՝ տնտեսելով 93 միլիոն դրամ։ Հայկազ Սիմիկյանը նկատում է՝ համայնքապետարանը ևս կարող էր տնտեսել մոտ 30 միլիոն դրամ:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանը» տված հարցազրույցում հաստատեց, Վանաձորի ճանապարհների շինարարական մրցույթում հաղթել է ոչ տեղի կազմակերպություն, որն ավելի ցածր գին էր առաջարկել, սակայն հաղթելուց հետո հրաժարվել է․ - «Մրցույթում շահած, իրականում առաջին տեղ գրաված կազմակերպությունը փաստաթուղթ չներկայացրեց և հրաժարվեց մրցույթից, դրա համար հաջորդ մասնակիցն է շահել»:
Ի վերջո համայնքի բյուջեի հաշվին ասֆալտապատումը ավելի բարձր գնով իրականացրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանիին պատկանող «Լոռի» ճանապարհաշինական կազմակերպությունը։ Դարբինյանը մոտ 20 տարի ղեկավարել է քաղաքն ու իրեն պատկանող ընկերությունների միջոցով իրականացրել ճանապարհային շինարարության գրեթե բոլոր աշխատանքները։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանը համոզված է՝ ասֆալտապատման ոլորտում 99 տոկոսի դեպքում պատվիրատուն պետությունն է, անգամ էլեկտրոնային գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել․ - «Որպես կանոն այդ կարգի գործերի մեջ նախօրոք ընտրում են, նախօրոք հրավիրում են, ասում են՝ դու, դու դու՝ կգաք, կմասնակցեք, դու հանկարծ չգաս, որ գին չգցես։ Դա նախօրոք բաժանվում է իրար մեջ»:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, որպես բացասական երևույթ է դիտարկում այն, որ դրսի կազմակերպություններն են մրցույթներում հաղթում․ - «Մեր շինարարների 80 տոկոսը արդեն երկու տարի է՝ գործ չունեն, ու այդ հիմնարկները փակվում են: Այսինքն, այդ գումարը նաև մարզի համար լուծում էր սոցիալական խնդիր: Մենք ամեն տարվա վերջին մարզպետին հաշվետվություն ենք ներկայացնում, հրատապ ծրագրերով մեր մարզը, թեկուզ ժամանակավորապես, բայց 900-ից մինչև 1000 մարդու աշխատանք էր ապահովում»:
Միաժամանակ նշում է, որ դրսի կազմակերպություններն ավելի ժամանակակից տեխնիկայով են աշխատում, ինչ ավելի ցածր գնով ապահովում է ավելի բարձր որակ․ - «Իսկ մեր կազմակերպությունները, կարելի է ասել, տեխնիկապես շատ հին են: Հենց դա բերում է այդ թանկ գին բերելու, որովհետև եթե էժան դնի, տակից դուրս չի գա»: