Ի՞նչ պետք է անի Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ դուրս գալու համար: Երեկ Բոռնմութի հետ խաղից հետո սա էր լրագրողների առաջին հարցերից մեկը, որը հնչեց «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ասուլիսում: «Մխիթարյանը վերջին 8 խաղերից յոթում խաղադաշտ դուրս չի եկել, շաբաթներ առաջ դուք խստորեն քննադատել էիք նրան, հիմա ի՞նչ պետք է անի Մխիթարյանը՝ կրկին թիմում ընգրկվելու համար»,- հարցրեց լրագրողներից մեկը: Մոուրինյոն, ի պատասխան, միայն խոսեց Մխիթարյանի բացակայության պատճառների մասին, շրջանցելով վերադարձի թեման:
«Ես կարող եմ միայն 6 խաղացող ունենալ պահեստայինների նստարանին և փորձում եմ միշտ այստեղ հավասարակշռություն պահպանել: Երկու պաշտպան ունեմ, ովքեր կարողանում են խաղալ տարբեր դիրքերում: Էշլի Յանգը լավ է գործում եզրում, Անդեր Էրերան՝ կիսապաշտպանությունում, Զլատան Իբրահիմովիչը հարձակվող է, իսկ Մարկուս Ռեշվորդը՝ երկրորդ հարձակվողն ու եզրայինը: Եթե ես Մխիթարյանին ընդգրկեմ թիմում, ուրեմն պետք է այս խաղացողներից մեկին դուրս թողնեմ, մինչդեռ, կարծում եմ, որ այս ֆուտբոլիստներն ավելի արժանի են՝ լինել թիմի կազմում: Նրանք վաստակել են իրենց տեղը»,- ասաց Մոուրինյոն:
Խոստումնալից մեկնարկից ու մի քանի անգամ անընդմեջ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Մխիթարյանն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ դուրս է մնում պայքարից՝ երբեմն չհայտնվելով անգամ պահեստայինների նստարանին: Նոյեմբերի 5-ին՝ Մանչեսթր-Չելսի հանդիպումից հետո, Հենրիխ Մխիթարյանը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել, այն էլ՝ 20 րոպեով: Շաբաթներ առաջ Մոուրինյոն հրապարակավ հայտարարել էր՝ գոհ չէ Մխիթարյանից:
«Ես դժգոհ եմ նրա խաղից, և սա չի վերաբերում վերջին մեկ-երկու հանդիպումներին, խոսքը երեք, չորս, հինգ հանդիպումների մասին է: Նա շատ լավ սկսեց խաղաշրջանը, հետո, սակայն, սկսեց քայլ առ քայլ անհետանալ: Նրա խաղի մակարդակը՝ գոլեր խփելու, գնդակին տիրանալու, մրցակցին լարվածության մեջ պահելու, 10-ը համարի պարտավորությունը կատարելու առումով՝ հետզհետե նվազել է, և սա բավարար էր՝ նրան խաղից դուրս թողնելու համար, քանի որ մյուսներն աշխատում են, որ վաստակեն այդ իրավունքը»,- ասել էր «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչը:
Նրա այդ կոշտ հայտարարություններից հետո բրիտանական թերթերը գրեցին, թե ՄՅու-ի մարզիչն արտահերթ հանդիպում է ունեցել Մխիթարյանի հետ՝ վերջինիս մարզավիճակի հարցով: Թե ինչ են խոսել Մոուրինյոն ու Մխիթարյանը, հայտնի չէ: 28-ամյա կիսապաշտպանը սոցիալական կայքերի իր էջերը վերջին շաբաթներին չի թարմացնում, հարցազրույցներ չի տալիս: Այս անորոշ իրավիճակն էլ ավելի են սրել կուլիսներում շրջանառվող խոսակցությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագն արդեն հունվարին կարող է այլ ակումբ տեղափոխվել:
Իտալական հեղինակավոր Corriere dello Sport-ը որոշ մանրամասներ է հրապարակել՝ պնդելով, թե Մխիթարյանը կարող է «Ինտեր» տեղափոխվել, և որ երկու ակումբներն արդեն բանակցություններ են վարում այս հարցի շուրջ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Մանչեսթր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչը ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուի հետ: