Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, անգամ 20 տարի հետո հնարավոր չէ հասնել նախագահի նշած՝ 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, եթե անգամ, այդ ընթացքում բավարարվեն տնտեսության զարգացման բոլոր պայմանները:
Տնտեսագետը հաշվարկել է՝ եթե յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենա 5 տոկոս տնտեսական աճ, 20 տարի հետո՝ 2036-ին կունենա ընդամենը 9 հազար 637 դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ։
«20 տարվա կտրվածքով եմ հաշվում։ Հաշվեցի ամեն տարի 5 տոկոս տնտեսական աճ՝ 20 տարվա կտրվածքով։ Մենք այսօր ունենք 10 միլիարդ 547 միլիոն դոլարի համախառն ներքին արդյունք։ 20 տարի հետո, երբ որ մենք ամեն տարի ունենանք 5 տոկոս տնտեսական աճ, մենք կունենանք 25 միլիարդ 791 դոլարի համարժեք համախառն ներքին արդյունք։ Եթե մենք համարենք, որ ազգաբնակչությունն, ինչպես հիմա է հաշվարկվել, հիմա ի դեպ, համախառն ներքին արդյունքը կազմում է 3 հազար 606 դոլար՝ մեկ շնչի հաշվով, որտեղ ազգաբնակչության թիվը հաշված է 2 միլիոն 920 քանիս, ես հաշվում եմ 2 միլիոն 900։ Երբ, որ այս ամեն ինչը հաշվում ենք, 2036 թվականին մենք ունենում ենք համախառն ներքին արդյունք 19 միլիարդ 637 միլիոն, եթե սա բաժանում ենք 2.9-ի ստանում ենք 9 հազար 637, այսինքն՝ մենք 20 տարի հետո դեռևս 10 հազար դոլարի մասին չենք էլ երազում։ Այսինքն՝ պայմանը սա է՝ 20 տարի, 5 տոկոս տարեկան տնտեսական աճ, մենք 2036-ին կունենանք ընդամենը 9 հազար 637։ Ինչի՞ համար է նշվում 10 հազար, որովհետև այսօր աշխարհում միջին համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող կազմում է 10 հազար 151 դոլար», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, որ էր, որ «մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ»:
«Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար», - ասել էր նախագահը։
Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.