Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ազատությանը» փոխանցեց՝ չի ծրագրում հրաժարական տալ․ նախարարին հրաժարական տալու կոչ էր արել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պնդելով՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող Լևոն Ալթունյանը պետք է պատասխան տա իր պայթունավտանգ հայտարարության համար:
Հիմնավորելով, թե ինչու է անհրաժեշտ Պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պատվաստել հենց 13 տարեկանից՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում առողջապահության նախարարը հղում էր արել հարցումների արդյունքների, որոնց համաձայն Հայաստանում «մինչև տասնհինգ տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունեն»: Ընդ որում, ճշտող հարցին՝ խոսքը մինչև 15 տարեկանների՞ մասին է, Ալթունյանը կրկին տվել էր դրական պատասխան:
«Որպես պատգամավոր պահանջում եմ, որ նախարարը ներկայացնի բավարար և թույլատրելի ապացույցներ, որոնք հավաստեն այդպիսի հարցումներ անցկացրած լինելու և այդ հարցումների արդյունքների իրողության փաստը», - այսօր հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ մանրամասնելով․ - «Որովհետև ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի իրականություն կա: Աստված ոչ արասցե, եթե դա այդպես է, ուրեմն մենք դժբախտ ազգ ենք, իսկ եթե այդպես չէ, ուրեմն քաղաքական պաշտոն զբաղեցնող պատասխանատուն պետք է պատասխանատվություն կրի իր այդ արտահայտության համար: Եթե իրենք ինչ-որ նախագիծ ունեն և իրենց պետք է նախագիծը անցկացնել, ապա թող ուրիշ բան մտածեն, բայց ոչ մեր ազգային արժանապատվությունը, մեր ապագա մայրերի, մեր հայ աղջիկների արժանապատվությունը վիրավորելու գնով անցկացնել այդ նախագիծը»:
Պատգամավորը գտնում է՝ նախարարը հանցագործության մասին հաղորդում է տվել, ուստի նրա հայտարարությամբ պետք է զբաղվեն նաև իրավապահները․ - «Սրանով նաև պարոն նախարարը ձեռնոց է նետում իրավապահ մարմիններին, որովհետև եթե 14 տարին չլրացած աղջկա, և ոչ միայն աղջկա, այլ նաև տղայի հետ սեռական հարաբերություն են ունենում անգամ իր համաձայնությամբ, ապա այդ համաձայնությունը իրավաբանական իմաստով նշանակություն չունի անձին պատասխանատվությունից ազատելու համար»:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նույնպես վստահ էր, որ Հայաստանում նման վիճակագրություն չի կարող լինել: Պատգամավորը նախ պահանջեց նախարարի հայտարարության ձայնագրությունը, նայեց, զայրացավ ու պնդեց․- «Ես չգիտեմ․․․ ես չեմ հավատում սրան: Իհարկե, հարցումների արդյունքները պետք է ցույց տալ»:
Օրվա վերջում առողջապահության նախարարությունը պարզաբանում ներկայացրեց Ալթունյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարության առիթով, նշելով, թե «շփոթմունք է եղել», նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ։ Նախարարությունը վկայակոչել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքները, որոնց համաձայն, անանուն հարցման ժամանակ 15 տարեկան տղաների 21 և աղջիկների 1 տոկոսը նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: Իսկ 2010թ․ կատարված հետազոտության համաձայն,15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` 2 տոկոսը։ Բայց, հակառակ նախարարության հրապարակածի, այս երկու հետազոտություններում տղաներին վերաբերող 25 տոկոսի վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Նախարարի կարծիքով «Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է»։ Նախարարությունը նաև պարզաբանել է, որ «այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական և այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք»։
Չնայած Առողջապահության նախարարության պարզաբանմանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց․- «Չի ասում, ասենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների․․․ ասում է՝ աղջիկների: Եթե առողջապահության նախարարը, լուրջ մարդու կերպարանք ընդունած, ելնում է հանրության առաջ ու աղջիկն ու տղան իրարից չի տարբերում, այս երկիրը ուրեմն գնում է կործանման: Նման խելքի տեր նախարարը պիտի հրաժարական տա»:
Լևոն Ալթունյանը «Ազատությանը» փոխանցեց՝ չի ծրագրում հրաժարական տալ: - «Ճիշտն ասած, Ձեր նշած անձի հասարակական գործունեությանը ես չեմ հետևում և այդ իր պահանջների հետ ծանոթ չեմ և չեմ պլանավորում ծանոթանալ», - նշեց նախարարը: «Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն հրաժարական չի ծրագրում տալ, պատասխանեց՝ «ոչ, չեմ ծրագրում»: