ՀՀ արտգործնախարարն ու Հունաստանի նախագահը քննարկել են հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման հարցեր

Պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը:

Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։

Հունաստանի նախագահը կարևորել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և հաջողություն մաղթել այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։