Դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:
Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյային ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին այսօր Երևանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի փոխտնօրեն Ռոզարիա Պուգլիսին:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ Գոթեմյոլլերը հանդիպել էր համեմատաբար վերջերս՝ այս հունիսին Բրյուսելում, երբ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։