«Մենք հատուկ կարևորություն ենք տալիս վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին». Էդվարդ Նալբանդյան

«Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում», - Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր ելույթի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ վերջին շաբաթներն այս առումով շատ նշանակալի էին:

«Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև զարգացնում է հարաբերություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ նման նպատակասլաց ու իրատեսական երկխոսությունը շարժիչ ուժ կհանդիսանա մեր տարածաշրջանում համագործակցության խթանման համար», - ըստ Հայաստանի արտգործնախարարության, ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Այս համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է առաջ ընթանալ փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ի թիվս այլոց միանալ COSME, «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը և ստորագրել Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ միաժամանակ հատուկ կարևորություն տալով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցությանը»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ հայաստանը քննարկում է Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Այս առումով, ըստ Նալբանդյանի, օգտակար կարող է լինել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և գործարար համաժողովների կազմակերպումը:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առևտրի և ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռնված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարևան Իրանի հետ: Այդ առումով հատկանշական կարող են լինել Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային և կապի երթուղիների վերաբերյալ նախագծերը», - ասել է Նալբանդյանը՝ նշելով, որ երկու օրից մեկնելու է Կիև` ստանձնելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:

«Հայաստանի նախագահության ընթացքում մենք կձեռնարկենք հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այս կազմակերպությունը լիարժեք ծառայի անդամ երկրների միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման իր նպատակներին: Մեր խորին համոզմամբ, նրանք, ովքեր չարաշահում են այս հարթակը իրենց նեղ քաղաքական նպատակները տնտեսական համագործակցության հաշվին առաջ տանելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության նպատակներին, այլև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման իրական շահագրգռվածություն չունեն: Եվ նրանք, ովքեր հավատարիմ են մնում ՍԾՏՀԿ նպատակներին՝ ինչպես Հայաստանը և Հունաստանը, պետք է ձգտեն պահպանել այս կազմակերպության բացառապես տնտեսական և ապաքաղաքական բնույթը»:

Երկու շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախագահությունը, որը միավորում է 84 երկիր, այդ թվում նաև Հունաստանը, ասել է Նալբանդյանն ու նշել, որ հաջորդ հոկտեմբերին Հայաստանը պատիվ կունենանք Երևանում հյուրընկալելու կազմակերպության գագաթաժողովը:

«Գագաթաժողովի կարգախոսը կլինի «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք»: Մենք մտադիր ենք դրա շրջանակներում կազմակերպել Ֆրանկոֆոն տարածաշրջանի գործարարների համաժողով և կցանկանայի Հունաստանի գործարար շրջանակների ուշադրությունը հրավիրել այս միջոցառման վրա», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«2015թ.-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ մարդու իրավունքերի խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես հաջորդ քայլ՝ կրկին մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: 2015թ.-ից սկսած՝ դեկտեմբերի 9-ը դարձել է այս զարհուրելի հանցագործության կրկնվելու դեմ մեր հավաքական վճռականության դրսևորման նշանակալի հարթակ: Այն նաև կարևոր առաքելություն ունի մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և կրթությունը խրախուսելու ուղղությամբ: Երեք օր առաջ Հիշատակման օրվա առիթվ արված իմ հայտարարության մեջ շեշտեցի, որ «մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը լինի համամարդկային խոստում, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից»: Ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովրդների բարոյական պարտականությունն է կանգնած լինել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի առաջնագծում: Այս առումով մեր իրականացրած գործունեությունը միջազգային ճանաչում է ստանում, ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կարևորությունը պաշտպանելու գործում», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը:

«Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Այն, ինչին ականատես ենք լինում այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում, կապված էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների հետ, բացահայտորեն վկայում է Կոնվենցիայի արդիականությունը, որը հստակ սահմանել է պատժելի գործողությունները, ներառյալ` հանցակցությունը», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. -«Հայաստանն այն առաջին պետություններից էր, որ բարձրաձայնեց այդ խնդրի մասին` կոչ անելով ամրապնդել կանխարգելման միջազգային մեխանիզմները: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում»:

Նալբանդյանը նշել է, որ բռնությունները Մերձավոր Արևելքում չեն շրջանցել հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիայի և Միջերկրյածովյան տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս են կազմում: «Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցները և մշակութային հաստատություններ: Մեր հայրենակիցներից շատերը զոհվել են ահաբեկչական գործողությունների արդյունքում, իսկ ոմանք` ստիպված թողել են իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստականներ են ապաստան գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդը Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Մարդասիրական օգնության շարունակական տրամադրմամբ փորձել ենք նաև աջակցել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն Սիրիայում», - ասել է արտգործնախարարը:

Քանի որ անվտանգության և կայունության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր անկյուններում, ինչպես նշել է արտգործնախարարը, առանցքային է դառնում դրանց դիմագրավելուն ուղղված միջազգային ջանքերն առավել արդյունավետ դարձնելը:

«Հենց այդ ընկալմամբ է Հայաստանը մասնակցում ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ գործողությունների` այդպիսով գործնականում նպաստելով միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականը այս առումով նշել էր, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցման մասին վկայում է ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությունը՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան (UNIFIL), Մալի (MINUSMA): Բարձր ենք գնահատում, որ Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններում իր առաջին քայլերը կատարել է Հունաստանի աջակցության շնորհիվ», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների», - ասել է Նալբանդյանը:

Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է, ասել է արտգործնախարարը:
«Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ. սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ: Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. -«Անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իմ ելույթում մանրամասն անդրադարձա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։ Համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Արտգործնախարարը նշել է, որ համանախագահների հայտարարությունը վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տևած դադարից հետո:

«Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում. Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնևի հայտարարությունը նաև ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից: Իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները հերթական անգամ կոչ արեցին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը և ընգծեցին 2016թ.-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված այլ որոշումների կատարման անհրաժեշտությունը», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. -«Ադրբեջանը ձևացնում է, իբրև թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում և Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը»:

«Համանախագահները կոչ արեցին կողմերին խուսափել կարևոր մարդասիրական քայլերի քաղաքականացումից: Տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում է ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական ոլորտներում վստահության ամրապնդման միջոցների իրագործումից: 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ վստահության ամրապնդման միջոցների իրագործումը հնարավոր կլինի միայն հակամարտության կարգավորումից հետո: Ակնհայտ է, որ կարգավորումից հետո վստահության ամրապնդման միջոցների նույնչափ մեծ պահանջարկ չի լինի: Անգամ եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս վստահության ամրապնդման ինչ-որ մի միջոցի, ապա հետագայում, որպես կանոն, Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի:

Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ: Այս առաջարկները հայտնի են և արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության միջոցով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտգործնախարարների հանդիպում»

Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ»։

Նալբանդյանը նշել է՝ «եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»: