ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ադրբեջանցի և հայ փախստականներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր կայացրած երկու առանձին որոշումներով բավարարել է ազգությամբ հայ և ադրբեջանցի դիմումատուների հայցը՝ վճռելով համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին պարտավորեցնել նրանց փոխհատուցում տրամադրել նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև կատարած ծախսերի համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ 2015 թվականին էր բավարարել Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

Այսօր արդեն ստրասբուրգյան դատարանը ընդգծում է, որ որոշումները կայացրել է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման և իր առաջարկած մեխանիզմի բացակայության պայմաններում՝ միայն պարտավորեցնելով գումարի փոխատուցման տեսքով վճիռն ի կատար ածել:

Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի դատավորները միաձայն որոշել են, որ Հայաստանի կառավարությունը պետք է 5000-ական եվրո վճարի հայցվորներից յուրաքանչյուրին՝ նյութական և ոչ նյութական վնասի համար և ընդհանուր 28 642 87 ֆունտ ստերլինգ ծախսերի համար: Հայցը ներկայացրել էին վեց ադրբեջանցի փախստականներ՝ պնդելով, որ հնարավորություն չունեն վերադառնալու Լաչինի տարածաշրջանում գտնվող իրենց տներ և տնօրինելու իրենց ունեցվածքը, որտեղից ստիպված են եղել փախչել 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ևս դատավորները կրկին միաձայն որոշել են, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դիմումատուին 5000 եվրո վճարի նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման և 30 000 եվրո ծախսերի համար: Իր բողոքում Մանվել Սարգսյանը, ով ի դեպ, արդեն մահացել է, նշել էր, որ 1992 թվականին ստիպված լինելով փախչել Շահումյանի շրջանում գտնվող իր տնից՝ հնարավություն չունի վերադառնալու իր գյուղ և տնօրինելու իր սեփականությունը:

Այսօր վճռի եզրափակիչ մասում ՄԻԵԴ-ը շեշտել է երկու պետությունների պարտավորությունը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը գտնելու հարցում: Դատարանը նաև ընդգծել է, որ երկու գործերի դեպքում էլ վնասի փոխհատուցումը հստակ հաշվարկված չէ, քանի որ շատ ժամանակ է անցել և դժվար է հստակ հաշվել կրած վնասը: