Ընթերցողին ներկայացվեց թուրք գրողի վեպի հայերեն թարգմանությունը

Այսօր Հայաստանի գրողների միությունում հրավիրված «Մեր թուրքերը» խորագրով ասուլիսին ներկայացվեց վերջերս «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված թուրք ժամանակակից գրող Բիրգյուզ Օղուզի «Հահ» կոչվող գրքի հայերեն թարգմանությունը: Ներկայացվեցին նաև վերջին տարիներին «Անտարեսի» հրատարակված ժամանակակից թուրք հայտնի մի շարք այլ գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները:

«Մենք պիտի ժամանակակից աշխարհի գրականությունը լավագույնս ներկայացնենք՝ լավ հայերեն թարգմանություններով: Նաև պետք է ճանաչենք մեր հարևաններին՝ պարսիկներին, վրացիներին, թուրքերին․․․ նաև, ինչու չէ, սա դուռ է, որպեսզի մեր գրականությունը թարգմանվի թուրքերեն: «Անտարես» հրատարակչությունը, այս ծրագրերը իրագործելով, շատ լավ դաշտ է ստեղծում, որպեսզի մեր երկու ժողովուրդները, պետությունները ընկալելի լինեն, արվեստի միջոցով այս կամուրջները մարդկանց մոտեցնեն, ճանաչելի դարձնեն, մենք իրար լավ հասկանանք», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հավելեց․ - «Որպեսզի Թուրքիան չմիֆականացվի, պետք է տեսածը բերենք, ասենք Հայաստանում, Հայաստանի կյանի մասին պատմենք Թուրքիայում, որպեսզի միֆը չխանգարի մեր հարևանությանը, որպեսզի մենք ճանաչենք էն Թուրքիան, ինչը որ կա, թուրքերը ճանաչեն էն Հայաստանը, ինչը որ կա, էն հայաստանցիներին, ոնց որ մենք կանք: Թուրքերը հրատարակել են երևի մի հիսուն տարվա մեջ նոտավորապես երկու հազար հայալեզու գիրք: Դրանք, իհարկե, հիմնականում արևմտահայերենից են թարգմանված, բայց շատ-շատ բաներ ռուսերենի միջոցով են մեր գրողներին թարգմանել և այլն: Մենք էապես զիջում ենք թուրքերին․ մոտ 10 գիրք մեր հրատարակչությունն է արել, երևի մի 10 գիրք էլ ընդհանրապես է արված: Լիքը գործ ունենք անելու»:

Բիրգյուզ Օղուզի գիրքը թարգմանվել է նոր մեթոդով՝ միաժամանակ գրքի հատվածները բաժանվել են 7 թարգմանիչների, որոնք էլ խմբագիրների հետ 7 օր շարունակ աշխատել են միասին Դիլիջանում և արդյունքում ահա լույս է տեսել «Հահ» խորագրով այս գիրքը, որի հեղինակը, ի դեպ, շաբաթ օրն արդեն կլինի Հայաստանում և կմասնակցի գրքի շնորհանդեսին: