Գործադիրը դարձյալ փոփոխություններ է նախաձեռնել «Պետական պարտքի մասին» օրենքում և փաստացի առաջարկում է հանել այն խիստ սահմանափակումը, որի համաձայն արգելվում է նոր վարկեր վերցնել, եթե դրանց արդյունքում Կառավարության պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը։
Ի տարբերություն խորհրդարան ներկայացված օրինագծի, ներկայումս գործող օրենքը խիստ սահմանափակում ունի՝ Կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, իսկ բոլոր այն գործարքները, որոնց հետևանքով պարտքը կանցնի այդ շեմից, պետք է առ ոչինչ համարվեն:
Այս սահմանափակումը օրինագիծը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնող Վարդան արամյանը շատ խիստ համարեց․ - «Եթե 60 տոկոս է, դու չես կարող նոր պարտք վերցնել, կամ բոլոր պարտքերը դառնում են առ ոչինչ: Սա բավականին կոշտ մեխանիզմներ են, և կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխանակ կանոններ դնեն դեֆիցիտի վրա, կանոններ են դնում հիմնականում ծախսային քաղաքականության վրա, ինչը որ նաև մենք իրականացնել ենք»:
Թեև օրինագծով Կառավարությունը թույլատրելի պարտքի համար նախատեսված 60 տոկոսանոց սահմանագիծը չի բարձրացնում, սակայն առաջարկում է օրենքով չարգելել այդ շեմը գերազանցող վարկեր վերցնել: Նոր պարտք վերցնելու դեպքում, սակայն, Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու և թույլատրելիի սահմաններում պահելու, իսկ վերցրած վարկերը պետք է ծախսի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին:
«Եթե պետական պարտքը աճում է 60 տոկոսից ավելին, ապա այս պարագայում Կառավարությունը գալիս է Ազգային ժողով և քննարկման առարկա է դարձնում իր ծրագիրը՝ վերադառնալու համար նորմալ չափանիշին, այսինքն՝ 50 տոկոսից ավելի ցածր», - ասաց խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ):
Օրինագիծը ևս մի նորամուծություն է առաջարկում․ պետական պարտքի հետ կապված բոլոր սահմանափակումները չեն գործում ֆորսմաժորային իրավիճակներում․ - «Գոնե մեր համար ակնհայտ է, որ կան նաև ռիսկեր, որոնք հնարավոր չի կանխատեսել: Դա պատերազմական վիճակներն են, կան ռիսկեր՝ կապված աղետներ հետ, և կան ռիսկեր՝ կապված մեծ շուկաներում, գլոբալ շուկաներում ճգնաժամերի հետ: Եվ այս պարագայում այս կանոնները դադարում են գործել»:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց օրինագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ արդյո՞ք սրանով Կառավարությունը նոր պարտքեր վերցնելու օրենսդրական հիմքեր է նախապատրաստում․ - «Արդյո՞ք այն անհրաժեշտ է ընդունել նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը նոր պարտքեր վերցնի»:
Արամյանը պատասխանեց․ - «Այս ամբողջ փաթեթի իմաստը ոչ թե այս կամ այն կերպ նոր պարտքեր վերցնելու հնարավորություն ընձեռնելն է, այլ կանոն սահմանելն է․ ինչ պետք է մենք անենք, ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն մենք պետք է իրականացնենք»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք սա նշանակում է, որ 2018 թվականին Կառավարության պարտքը անցնելու է 60 տոկոսի շեմը:
Ֆինանսների նախարարը պատասխանեց․ - «Մենք բյուջեն ներկայացնելիս ներկայացրեցինք, որ Կառավարության պարտք - ՀՆԱ ցուցանիշը այս տարվա վերջին մենք ակնկալում ենք, որ կլինի 55.4 տոկոս, և մեկ տոկոսային կետով մենք ծրագրում ենք 2018 թվականի ընթացքում նվազեցում»:
«Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը նկատեց, թե Կառավարությունը վաղուց պետք է սահմաներ պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը կարգավորող կանոններ, այլ ոչ թե այժմ, երբ Կառավարության պարտքն արդեն մոտենում է թույլատրված սահմանագծին․ - «Այսինքն ֆիքսում ենք, որ 60 տոկոսը վտանգավոր շեմ է: Ես ուզում եմ հասկանալ, այդ կանոնները, որոնք մենք հիմա բերում ենք և օրենքի ուժ ենք տալիս, արդյո՞ք գոյություն չունեին և չպետք էր այս կանոններով շարժվել, որպեսզի չհասնել 60 տոկոսի»:
Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ առանց այս կանոնների էլ Կառավարությունը հաջորդ տարի մեկ տոկոսով կիջեցնի պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը․ - «Այն, որ մենք այսօր մոտեցել ենք 60 տոկոսի շեմին, դա գաղտնիք չի: Բայց նաև գաղտնիք չի այն հանգամանքը, որ առանց այս կանոնների մենք կարողանում ենք եկող տարի նվազեցնել մեր պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ»:
Միքայել Մելքումյանը նկատեց, որ փոփոխությունները կատարվում են առանց գնահատական տալու, թե մինչև հիմա վերցրած միլիոնավոր դոլլարների վարկերը որքանով են արդյունավետ ծախսվել և ծախսվում․ - «Հիմքը, հենքը կայանում է նրանում, որ իսկապես սրանով տպավորություն է ստեղծվում, որ մենք օրինականացնում ենք նախորդ վարկերի օգտագործման անօրինականությունը: Եթե մենք բերում ենք մի նոր կանոն, որը չի գործել նախկին ընթացքում, ոնց որ դուրս է գալիս, որ խաղի կանոն չի եղել: Նախ և առաջ դուք պետք է գնահատական տաք նախորդ ամբողջ տրենդին, վարքագծին, թե այդ վարկերը, որ դուք ներգրավել էիք, ի՞նչ տրամաբանությամբ․․․ Եվ եթե առանց խաղի կանոնի եք օգտագործել, ո՞նց եք օգտագործել»:
Վարդան Արամյանը հակադարձեց․ - «Վարկային միջոցները ծախսվում են այնպիսի կանոններով, ինչպես որ ծախսվում են բյուջեի յուրաքանչյուր տողը, յուրաքանչյուր ծախսը: Եվ դրա գնահատականը՝ որքանով լավ է ծախսվել թե վատ է ծախսվել, հենց Ազգային ժողովն է տալիս»: