Հայաստանը՝ 75-րդ «լավ երկիր»

Մարդկությանն իր քաղաքականությամբ և կեցվածքով օգուտ բերող երկիրը՝ «լավ երկիր է», կան երկրներ, որոնք բեռ են մարդկության համար, կան երկրներ, որոնք ցանկում միջին հորիզոնականներն են գրավել: Հայաստանը 163 երկիր ներառող հետազոտության արդյունքում գրավել է 75-րդ տեղը:

«Լավ երկիր» (Good Country) եզրը հեղինակել է East Anglia բրիտանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Սայմոն Անհոլթը, ով անցած երկու տասնամյակների ընթացքում համագործակցել է ավելի քան 50 պետությունների նախագահների ու վարչապետերի հետ, այցելել է բազմաթիվ քաղաքներ, շրջաններ, գավառներ:

Այդ քսան տարիների աշխատանքի արդյունքում ծնվել է «լավ երկրի» ցուցիչ կազմելու գաղափարը: Մարդկության կյանքում առանձին երկրների դերի մասին հինգ գրքերի հեղինակ Անհոլթն իր գործընկերների հետ 2005 թվականից սկսած հաշվարկում է «լավ երկրի» ցուցիչը:

Ընդ որում, ցուցիչը հաշվի չի առնում տվյալ երկրի ներքին քաղաքականությունը, քանի որ վերլուծական կենտրոններն այդ թեմայով ամեն տարի հրապարակում են տասնյակ մանրամասն զեկույցներ:

Ցուցիչը հաշվարկելու համար փորձագետներն օգտագործում են 35 հետազոտությունների տվյալները, դրանց մեծ մասը ՄԱԿ-ն է տրամադրում:

Մասնագետներն այդ տվյալները տեղավորում են ըստ 7 հիմնական բնագավառների՝ գիտություն և տեխնոլոգիա, մշակույթ, միջազգային խաղաղություն և անվտանգություն, աշխարհակարգ, մոլորակ և կլիմա, բարգավաճում և հավասարություն, առողջություն և բարեկեցություն:

Օրինակ, կրթության և տեխնոլոգիայի բնագավառում հաշվի են առնում տվյալ պետությունում սովորող օտարերկրացի ուսանողների, դրսից ստացվող գիտական հանդեսների, արտասահմանյան պարբերականներում այդ երկրի գիտնականների հրապարակած հոդվածների և, վերջապես, այդ երկրից Նոբելյան մրցանակակիրների թիվը:

Խաղաղության բնագավառում հաշվի են առնում այդ երկրից միջազգային մանդատով թեժ գոտիներում ծառայող խաղաղապահների թիվը:

Մշակույթի բնագավառում հաշվի են առնում համագործակցությունը UNESCO-ի հետ, այդ երկրից արտահանվող հեղինակային ծրագրերը և ծառայությունները, մամուլի ազատության մակարդակը:

Ցուցիչի նպատակն է նախաձեռնել քննարկում, որի թեման առանձին երկրների պիտանելիությունն է համայն աշխարհի տեսակետից: Հաշվի են առնվում բազմաթիվ կարևոր այլ գործոններ, այդ թվում՝ տվյալ երկրում բարեգործության մշակույթը և բնության պաշտպանությունը:

Ահա Հայաստանի տվյալները՝ գիտություն և տեխնիկա՝ 56-րդ տեղ, միջազգային խաղաղություն և անվտանգություն՝ 136, աշխարհակարգ՝ 104, մոլորակ և կլիմա՝ 108, բարգավաճում և հավասարություն 48, մշակույթ՝ 103, առողջություն և բարեկեցություն՝ 31:

Այդ ամենի արդյունքում Հայաստանն ընդհանուր հաշվով դարձել է մոլորակի 75-րդ «լավ երկիրը»՝ բավական զիջելով Ուկրաինային, Վրաստանին և Ռուսաստանին, սակայն առաջ անցնելով Ադրբեջանից, որը 89-րդ տեղում է:

Մոլորալի «ամենալավ» երկրներն են Հոլանդիան, Շվեյցարիան և Դանիան: Իսկ 163 երկրներից վերջին երեք տեղերում են Իրաքը, Լիբիան և Աֆղանստանը: