Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չի օգնում իրավիճակի կարգավորմանը Մերձավոր Արևելքում, այլ ընդհակառակը՝ ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին երեկ երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երեկվա բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ, օրակարգի առանցքային հարցերն են եղել իրավիճակը Երուսաղեմում և Սիրիական ճգնաժամի կարգավորումը։
Հանդիպմանը հետևել է կարճ մամուլի ասուլիս, որի ժամանակ Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ Էրդողանի հետ նախևառաջ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակն ու սիրիական կարգավորումը, որի շուրջ Մոսկվան և Անկարան ակտիվ համագործակցում են։
Ասուլիսին Էրդողանը նաև հայտարարել է, որ մեկ շաբաթից կավարտվեն C-400 (S-400) հրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված աշխատանքները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են C-400 համակարգերի մասին համաձայնագիրը, ընդ որում C-400-ը գնելու համար Ռուսաստանը վարկ է տրամադրել Թուրքիային։
Թուրքիայում Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերի հիմնական մասն այդ արաբական երկրից։ Իսկ թե որքա՞ն զինծառայող է մնում Սիրիայում, Պուտինը չի հստակեցրել։
Նշենք, որ Պուտինը երեկ նախ այցելել է Սիրիա, ապա Եգիպտոս, հետո նոր Թուրքի։ Թե՛ Անկարայում, թե՛ Կահիրեում հիմնական հարցերից մեկը Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Այս հարցում Ռուսաստանը, Թուրքիան և Եգիպտոսը հայտարարել են, որ միակարծիք են և դեմ են Թրամփի որոշմանը։