Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր այդպես էլ չհստակեցրեց՝ իրատեսական համարո՞ւմ է արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձևակերպված նպատակը՝ մի քանի տարուց մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 10 հազար դոլարի հասցնելու մասին:
«Այն, ինչ նախագահը ասում է՝ ինքը պետության գլուխն է, նա հորդոր է ներկայացնում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նախարարը՝ շարունակելով․ ֊ «Եվ ընդ որում՝ մեր կառավարության ծրագրի կարևորագույն ցուցանիշները բխում են նախագահի ելույթից, որը եղել է հորդոր, որ՝ դուք պետք է ջանքեր գործադրեք, գնաք այս ուղղությամբ: Բարդ է լինելու, բայց պետք է ապահովեք»:
Նախագահ Սարգսյանը այս մասին խոսել էր տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Իր ելույթում Սերժ Սարգսյանը չէր հստակեցրել, թե քանի տարի հետո է Հայաստանը հասնելու մեկ շնչի հաշվով 10,000 դոլար ՀՆԱ ցուցանիշին, սակայն նույն թիվը ամրագրված է նաև երկրի Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում՝ որպես 2025 թվականի նպատակ: Ըստ այդ փաստաթղթի, մասնավորապես, այս տարվա համար կանխատեսվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ 4,200 դոլար ցուցանիշը, մինչդեռ այն մոտավորապես 3,500 հազար դոլար է կազմում:
«Ազատության» հարցին, թե մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի հասնել նախագահի մատնանշած ցուցանիշին, Վարդան Արամյանը պատասխանեց․ - «Ինձ ժամանակ կտա՞ք ես հաշվարկները կատարեմ և ասեմ»:
Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն ասում է՝ մենաշնորհային տնտեսության պայմաններում առաջիկա տարիներին հնարավոր չի լինի հասնել մեկ շնչի համար 10,000 դոլար ՀՆԱ ցուցանիշին․ - «Կառավարությունը ի վիճակի չէ ազատ տնտեսական մրցակցություն ապահովելու: Սա միարժեք փաստ է: Երկրի բարձրագույն իշխանությունը, նախագահի գլխավորությամբ, պետք է որոշում կայացնեն և անցնեն գործի, բացեն դաշտը, ազատականացնեն տնտեսությունը և երկիրը կկարգավորվի: Այլ բան պետք չի, մի խանգարեք տնտեսությանը»:
Բագրատյանն ասաց՝ ժամանակին ինքն էլ, իր ընկերներն էլ բիզնեսով զբաղվել են, սակայն հետագայում խոչընդոտների են բախվել: - «Մաքսային մարմինները թույլ չեն տալիս, որպեսզի դուք այլ երկրից ներկրեք վառելիք: Մեքենաներդ թողնում են սահմանին, մինչև մի 500,000 դոլար սկում ես», - պատմեց նա, - «Հետո լացդ գալիսա, էթում հանձնվում ես՝ էդպես էլ ղալլաթ չեմ անի, թույլ տվեք, որ էլ չաշխատեմ: Իմ գործընկերների հետա եղել»:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ևս անիրատեսական է համարում առաջիկա տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի նշած ցուցանիշներին հասնելը: «Իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում», -ասում է Սարգսյանը, - «Նման ներքաղաքական իրավիճակի պայմաններում, նման տնտեսություն ունենալու պայմաններում, երբ մոնոպոլիզացված է՝ ժամանակին սա կոչվում էր կազմակերպված տնտեսություն, այս պայմաններում դա բացարձակ անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության առումով: Հետևաբար՝ դա ուղղակի ասվել է, ասվելու համար»: