Համլետ Պետրոսյանը երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է «Աղքատության մշակույթ» առարկան, որին, ի թիվս այլ թեմաների, անդրադարձավ նաև այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մտահոգված «Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններից»․ - «Աղքատության մշակույթը բնորոշ է աղքատ հասարակություններին և կազմում է էդ հասարակական ընթացքի բաղկացուցիչ մասը: Աղքատության մշակույթը դաժան բան է: Դա այն է, երբ որ աղքատությունը սկսում է իրեն վերարտադրել, դա կենսաձև է, որին բնորոշ է արտարբերությունը, անպատասխանատվությունը, կամքի բացակայությունը, ընտանիքի հանդեպ պարտականությունների անտեսումը: Եվ այդ ամենը դարերի ընթացքում վերարտադրվում է»:
Պետրոսյանի խոսքով, այդպիսի մշակույթ գոյություն ունի Մերձավոր Արևելքի երկրներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, դասական օրինակներից է Մեքսիկան․ - «Հայաստանում աղքատացումը դեռ չի հանգեցրել աղքատության մշակույթի: Բայց էս վերջին իրադարձությունները, հատկապես հայաստանյան կեղծ էլիտայի նման ցինիկ մոտեցումները մեծ հավանականությամբ ցույց են տալիս, թե դեպի ուր է գնում մեր հասարակությունը»:
Մշակութաբանի խոսքով, եթե տասը տարի առաջ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել էին որոշակի ծրագրեր աղքատության հաղթահարման համար և փորձում էին իրականացնել դրանք, ապա այսօր կարծես թե «իշխանությունները համակերպվում են այն մտքի հետ, որ աղքատությունը մեր կյանքի մի բաղկացուցիչն է, որ աղքատները ոչ թե մարդիկ են, որոնք կյանքի զանազան հանգամանքների բերումով աղքատացել են, բայց նման են բոլորին, այլ մարդիկ են, ովքեր արդեն իսկ ընդհանուր հասարակական ընթացքից շեղված են, այսինքն՝ մոտենում են աղքատության մշակույթին»:
Պետրոսյանը շարունակեց․ - «Ես նկատի ունեմ վերջերս Ազգային ժողովի անդամներ Խոսրով Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին և Էդուարդ Շարմազանովին, որ փորձեց փրկել և ամփոփել: Անկախ նրանից, թե նրանցից ամեն մեկը ինչ եզր պիտի օգտագործի, ինչքան զգույշ պիտի լինի, նրանց երեքի փիլիսոփայությունը նույնական է՝ որ մենք ունենք աղքատության մշակույթ, մենք ունենք աղքատներ, որոնք նման չեն մնացածներին: Եվ էդ աղքատները արդեն իրենց որոշակի չափանիշներով ամբողջ հասարակությունից առանձնանում, տարբերվում են»:
Նա համոզված է, որ եթե երկրում հաստատվում է աղքատության մշակույթը, ապա մի որոշակի խավ դուրս է մնում հասարակական ընդհանուր գործընթացներից, և դա շատ ցավոտ հարց է․ - «Սա ես գտնում եմ, որ շատ վատ է, որովհետև մանավանդ վերջերս տարբեր ռեյտինգներով Հայաստանը համարվում է աշխարհի աղքատ երկրներից մեկը մեկ շնչին ընկնող եկամուտների հաշվով: Սա, կարծես թե, մեզ հիշեցնում է մեր միջնադարը, երբ աղքատությունը կենսընթացի մաս էր»:
Բանախոսը նաև ասաց, որ եթե հաշտվենք աղքատության մշակույթի հետ, կձևախեղենք մեր հասարակությունը, այսօր հաշտվելով աղքատության մշակույթի հետ, մի նոր հայ հասարակության հիմքն ենք դնելու, որը տարիներ անց բոլորովին այլ արժեքներ է դավանելու․ - «Խոսել մի հասարակության մասին, որի կենսընթացի, կյանքի բաղկացուցիչը այսուհետ պիտի դառնա աղքատության մշակույթը: Սա ճակատագրական մի բան պիտի դառնա, և ես կարծում եմ, որ որևէ կերպ սրա հետ համակերպվել չի կարելի»:
Համլետ Պետրոսյանը մոտ 10 տարի առաջ գրել է «Աղքատության հաղթահարման մշակութային հայեցակարգը» և այսօր իր պարտք է համարում շեշտել, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս մեծագույն վտանգը՝ աղքատության մշակույթը, որը կարող է վերահաս աղետ դառնալ 21-րդ դարի հայ հասարակության համար: