Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը բախումների պատճառ է դարձել Լիբանանում

Լիբանանում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ակտիվիստների միջև, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:

Հաղորդվում է, որ Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել՝ հարյուրավոր ցուցարարներին դեսպանատան մերձակայքից հեռացնելու համար, երբ վերջիններս սկսել են դյուրավառ նյութերով շշեր նետել շենքի ուղղությամբ։ Լիբանանում հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականներ են ապրում:

Ավելի վաղ՝ երեկ, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել էր, թե հրաժարվում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, երբ նա Ծննդյան տոներից առաջ կժամանի տարածաշրջան:

«Երուսաղեմի ճանաչմամբ Միացյալ Նահանգներն անցավ թույլատրելիի սահմանը», ֊ հայտարարել է Մահմուդ Աբասը: