Պաղեստինի առաջնորդը հրաժարվում է ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից

Մահմուդ Աբաս, արխիվ

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, թե չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ նախագահ Թրամփի հայտարարության պատճառով: «Միացյալ Նահանգներն անցավ կարմիր գիծն այդ քայլով»,- ասել է պաղեստինցի առաջնորդը՝ հավելելով, որ այդ որոշմամբ ԱՄՆ-ն վերջակետ դրեց Մերձավոր Արևելքում իր միջնորդական առաքելությանը:

Շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք` հակառակ ԱՄՆ-ի տասնամյակներով շարունակված քաղաքականությանը, ըստ որի, քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:

Սպիտակ տան ղեկավարի այդ հայտարարությունից հետո տարածաշրջանում նոր բախումներ են սկսվել․ պաղեստինական կողմը հաղորդում է առվազն երեք զոհերի և տասնյակ վիրավորների մասին: Ակնկալվում է, որ ԱՄՆ փոխնախագահը տարածաշրջան կայցելի Ծննդյան տոներից՝ դեկտեմբերի 25-ից առաջ: