Գեներալ Նիկոլայ Տկաչևը սպառնում է դատի տալ Bellingcat հետաքննող խմբին և The Insider-ին

Գեներալ-գնդապետ Նիկոլայ Տկաչևը

Ռուս գեներալ- Գնդապետ Նիկոլայ Տկաչևը հայտարարել է, թե դատի է տալու Bellingcat հետաքննող խմբին ու The Insider պարբերականին, որոնք նախօրեին հրապարակած զեկույցում պնդել էին, թե վերջինս, հնարավոր է, առնչվել է Դոնբասում երեք տարի առաջ տեղի ունեցած ավիաաղետին՝ մալազիական «Բոինգի» կործանմանը:

Տկաչևը պնդում է, թե նա 2014-ին Դոնբասում չի եղել, արդեն տևական ժամանակ ապրում է Եկատերինբուրգում և զբաղվում է երեխաների ռազմա-հայրենասիրական դաստիարակությամբ: Անկախ փորձագետների հետաքննությունը, մինչդեռ, համեմատելով ձայնային տվյալները, պնդում է, թե հենց Տկաչևն է «Դելֆին» ծածկանունով այն զինվորականը, որի հետ հեռախոսազրույցը հրապարակել էր Նիդերլանդների ղեկավարությամբ ստեղծված միջազգային քննչական խումբը։

Այդ հետաքննությամբ պարզվել էր նաև, որ օդանավը խոցվել է Ուկրաինայի արևելքից՝ անջատականների կողմից վերահսկվող տարածքից արձակված «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրից: