Իրանին ուղղված՝ ԱՄՆ-ի սպառնալիքները խոչընդոտում են Փհենյանի հետ բանակցությունները․ Լավրով

Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Վաշինգտոնի սպառնալիքները Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, խոչընդոտում են առաջընթացի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի հարցում:

Ելույթ ունենալով Վիեննայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում, Լավրովն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից պարզել է՝ Փհենյանն ուզում է բանակցել Վաշինգտոնի հետ, սակայն կասկածներ ունի, որ Սպիտակ տունը կարող է ետ կանգնել գործարքից, ինչի մասին հայտարարում է Իրանի դեպքում: «Խնդիրն այն է, թե ինչպես համոզել Հյուսիսային Կորեային, որ այդ համաձայնությունը չի մերժվի մեկ կամ երկու տարի անց՝ ամերիկյան նոր վարչակազմի կողմից»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով՝ Փհենյանն անվտանգության երաշխիքներ է ուզում:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքրատուղար Ռեքս Թիլերսոնի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Փհենյանի միջև՝ հետզհետե էլ ավելի սրվող լարվածությունը թուլացնելու համար: