Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, փաստաբանի խոսքով, հացադուլ է հայտարարել: Ուկրաինայի ոստիկանությունը երեկ ձերբակալել էր նրան Կիևի կենտրոնում: Հաղորդվում է, որ ընդդիմադիր գործիչն այժմ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում:
Այսօր Սաակաշվիլին նամակ է տարածել՝ աջակիցներին կոչ անելով վաղը բողոքի ցույց անցկացնել Կիևում և նախագահ Պետրո Պորոշենկոյի իմփիչմենթի գործընթաց սկսել: Ակնկալվում է, որ առաջիկա երկուշաբթի ուկրաինական դատարանը կորոշի Վրաստանի նախկին նախագահի խափանման միջոցի հարցը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ միջնորդելու է, որպեսզի Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք միջոցը կիրառվի: Ուկրաինայի իրավապահ մարմինները պնդում են, թե Սաակաշվիլին համագործակցել է ռուսների աջակցությունը վայելող «հանցավոր խմբերի» հետ, հակաիշխանական գործողություններ ծրագրել՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
Ուկրաինայի ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը շաբաթվա սկզբին փորձել էին ձերբակալել «Նոր ուժերի» շարժման առաջնորդին, սակայն աջակիցներին հաջողվել էր ազատել Սաակաշվիլիին: