Շատ է խոսվել այն մասին, որ ի տարբերություն մայրաքաղաքային մշակութային առօրյայի, մարզերում, հատկապես գյուղական համայնքներում և ավաններում, մարդիկ հազվադեպ են հնարավորություն ունենում մասնակցել այս կամ այն մշակութային իրադարձությանը: Ի հետևանք՝ մարզերի բնակիչները, բնականաբար, հիմնականում անտեղյակ են մայրաքաղաքում բացվող ցուցահանդեսներից, ներկայացվող բեմադրություններից կամ համերգներից (հատկապես` դասական երաժշտության ոլորտում):
Այս բացը լրացնելու նպատակով՝ մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու համար վերջին տարիներին Մշակույթի նախարարությունը մի շարք նախաձեռնություններով է հանդես գալիս: Ինչպես ի մի է բերում Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, գոնե այս՝ անցնող տարին մարզային քաղաքներում ու գյուղական համայնքներում մշակութային առումով բավական հագեցած է եղել:
«Կային մտայնություններ, որ, օրինակ՝ դասական երաժշտության որոշ ուղղություններ, օպերային ներկայացումներ և այլն, մարզերում կարող են ճիշտ չընկալվել, չհասկացվել, բայց անկեղծ ասեմ՝ շատ զարմանալի էր (ոչ մեզ համար), որ մարզերում շատ լավ ընդունվեցին դասական երաժշտության համերգները: Դահլիճները լեփ-լեցուն էին»,- ասաց փոխնախարարը:
Ծրագրի շրջանակներում, ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ մասնավոր հովանավորների շնորհիվ, թվով 426 տարբեր միջոցառումներ են իրականացվել մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաքային թատրոնների խաղացանկային ներկայացումներ են բեմադրվել, համերգներ են տրվել:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով՝ այս ծրագիրը մտադիր են իրականացնել նաև հաջորդ տարի՝ թեկուզ բյուջեի միջոցներով, քանի որ դրա շնորհիվ մարզերի բնակիչներին միայն մայրաքաղաքում ծնունդ առնող արվեստն ու մշակույթը չէ, որ ներկայացվում է:
«Մի քանի նպատակ ենք հետապնդել: Նպատակը ոչ միայն մշակութային բարձրորակ ծառայություն մատուցելն է մեր մարզերի բնակիչներին, այլև ինչ-որ տեղ ենթակառուցվածքների գույքագրումը, այդ ենթակառուցվածքներն աշխատեցնելը: Մարզերում շատ կան մշակույթի տներ, կենտրոններ, որոնք, անկեղծ ասած՝ չօգտագործվելու պարագայում տեխնիկապես և բարոյապես հնանում են: Այս ծրագիրը հնարավորություն տվեց, նաև մարզերի, համայնքների ղեկավարներին, այդ դահլիճների նյութատեխնիկական հնարավորությունները ուզած չուզած բարելավել»,- ասաց Արթուր Պողսյանը:
Մշակույթի փոխնախարարի համոզմամբ՝ կարևոր է նաև, որ մարզային այս ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերի բնակիչների շրջանում նոր պատկերացումներ ձևավորել՝ ժամանակակից արվեստի ու մշակույթի մասին:
Ռադիոռեպորտաժն ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5