Կառավարությունն իրատեսական է համարում աղքատության կրճատման ծրագիրը, փորձագետը թերահավատ է

Վաչե Գաբրիելյան և Վահագն Խաչատրյան, արխիվ

Հայաստանում մոտ 30 տոկոսի հասնող աղքատության մակարդակն առաջիկա հինգ տարիներին 12 տոկոսով կրճատելու կառավարության ծրագիրն իրատեսական է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Փոխվարչապետի խոսքով՝ աղքատության մակարդակը նվազեցնելու հիմնական գործոններն են սոցիալական աջակցությունն ու տնտեսական աճը:

«Էական ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության վրա: Եթե նայեք մեր բյուջեին, ապա գյուղատնտեսությունն այն քիչ ոլորտներից մեկն է, որտեղ կա ծախսերի ավելացում: Դա նշանակում է, որ մենք հատկապես միջոցառումներ ենք նախատեսում այդ ոլորտում, որը կարող է ամենամեծ ազդեցությունն ունենալ աղքատության նվազման վրա: Ռեսուրսները մենք ներդնում ենք, դա ոչ թե ուղղակի ծախս է, այլ խթանում, դրանով շահագրգռելու ենք մասնավորներին ևս մասնակցելու»,- ասաց Գաբրիելյանը:

Կառավարությունը ծրագրում է մինչև 2022 թվականը աղքատության մակարդակը հասցնել մոտ 18 տոկոսի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աղքատ է համարվում Հայաստանի բնակչության 29,4 տոկոսը, այսինքն երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40, 867 դրամ կազմող վերին աղքատության գծից ցածր եկամուտ ունի:

Գործադիրը մտադիր է աղքատության մակարդակի նվազեցմանը հասնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման շնորհիվ, սակայն, ինչպես հայտնի է, 2018 թվականի բյուջեով աշխատվարձերի և կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ։ Վերջին անգամ դրանք բարձրացել են 2015 թվականին:

Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «խիստ անիրատեսական» է համարում կառավարության այս ծրագիրը: «Մեզ մոտ աղքատության մակարդակներ կան՝ ծայրահեղ, չափավոր, խոցելի աղքատ: Միջազգային ստանդարտներով սահմանվում է՝ ծայրահեղ աղքատ են համարվում օրական մինչև 2,5 դոլար եկամուտ ունեցողները, խոցելին՝ 5-10 դոլար, և հաջորդ խումբը՝ 10 դոլարից բարձր եկամուտ ունեցողները: Մեզ մոտ 10 դոլարից բարձր եկամուտ ունեցողների ցուցանիշը 2004-ից մինչև 2017 թվականը չի փոխվել: Կայուն զարգացող պետություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ միջին խավ, որը կայունություն կապահովի և՛ քաղաքական, և՛ տնտեսական զարգացման համար»,- ասում է Վահագն Խաչատրյանը, նշելով, որ դրան միտված քայլեր չի տեսնում:

«Դրանք ուղղակի փաստաթղթեր են, որոնք ներկայացվում են, գրում են գրելու համար, և դրանք հետևողական իրականություն չեն դառնում: Եվ 2018-ին չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այսինքն՝ իրական եկամուտների նվազում է տեղի ունենալու: Եվ այն պայմաններում, երբ նախատեսվում է, ըստ ԿԲ-ի վերջին դրամավարկային քաղաքականության մասին հրապարակման, 4- 4,5 տոկոս գնաճ կամ սղաճ, այդ դեպքում կնշանակի, որ մեզ մոտ աղքատությունն ավելի կբարձրանա»,- շարունակում է Խաչատրյանը:

Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն՝ նախատեսվում է անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ ապահովել: Այսինքն՝ եթե այսօր նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, ապա այն 2022 թվականին պետք է հասնի 69 հազար դրամի: «Ազատության» հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը հայտարարեց՝ 2018 թվականից հետո, մինչև 2022 թվականը, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի: «Դրանից հետո 25 տոկոսի բարձրացում կլինի: Ես հիմա դժվարանում եմ պատասխանել, թե երբ կլինի: Բայց մինչև այդ ժամանակահատվածի ավարտը թիրախավորվել է, որ պետք է նվազագույն աշխատավարձի 55 հազար չափը դառնա 25 տոկոսով ավել»,- ասաց փոխնախարարը:

Մինչդեռ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայտարարում է՝ իշխանություններին ձեռնտու է աղքատ քաղաքացիներ ունենալը: «Իշխանությանն աղքատ մարդիկ են պետք, որոնք ավելի կառավարելի են: Իշխանությանը հարկավոր է այսպիսի հասարակություն՝ չպաշտպանված: Ե՛վ գործարարներն են չպաշտպանված, և՛ քաղաքացիները: Եվ ամենակարևորը՝ նրանք շատ խոցելի ընտրողներ են, որոնց կօգտագործեն հինգ տարին մեկ, «ժողովրդավարական» ընտրություն իրականացնելու համար»,- պնդում է փորձագետը: