Հունաստանում քրդերը և նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացրել Էրդողանի այցի դեմ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունում է Աթենք ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 7-ը դեկտեմբերի, 2017թ․

Հունաստանում Թուրքիայի նախագահի այցի դեմ քրդերը և նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացրել, Ռեջեփ Էրդողանին ֆաշիստ, ահաբեկիչ, դիկտատոր ու մարդասպան կոչել, այրել են նրա լուսանկարը: Քրդական դրոշներով, Էրդողանին վարկաբեկող ցուցապաստառներով նրանք Աթենքում երթ են անցկացրել:

Ցուցարարներից Յուսուֆ Օսդեմիրը Reuters լրատվական գործակալությանն ասել է․ - «Էրդողանը իր երկրում դիկտատոր է և շատ հանցագործություններ է գործել քուրդ ժողովրդի դեմ: Մենք չենք ցանկանում, որ հանցագործ Էրդողանը այցելի այստեղ, Աթենքի քուրդ բնակիչները դուրս են եկել՝ վճռականորեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»:

Քրդերի բողոքի ակցիայի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ոստիկանությունը չի միջամտել, Էրդողանի թիկնապահները ցուցարարների վրա չեն հարձակվել:

Թուրքիայի նախագահը մասնակցում էր պաշտոնական բանակցությունների: Երեկ կայացած բանակցություններից հետո Հունաստանի վարչապատ Ալեքսիս Ցիպրասը ասել է, թե հանդիպմանը պայմանավորվել են փոխադարձ վստահությունը ամրապնդող քայլեր ձեռնարկել, վերականգնել բանակցությունները՝ ամրապնդելու վստահությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրաբանական հետազոտությունները:

Ցիպրասը հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը փորձել են հաղթահարել թյուրիմացությունները, նշել է, որ Էգեյան ծովում Հունաստանի օդային տարածքի՝ թուրքական օդանավերի կողմից խախտումներին պետք է վերջ տրվի, և Հունաստանի ու Թուրքիայի հարաբերություններում անկյունաքարային է համարել 1923 թվականի Լոզանի պայմանագիրը: Բանակցություններում Էրդողանը այդ պայմանագիրը վերանայելու հարց էր բարձրացրել, որը հունական կողմը մերժել է:

Էրդողանը նաև կոչ է արել արտահանձնել Թուրքիայում անցած տարվա հեղաշրջման փորձի գործով մի խումբ կասկածյալներին, որոնք ապաստան են գտել Հունաստանում: Սակայն Ցիպրասն ասել է, որ իր երկիրը հարգում է դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ Հունաստանի գերագույն դատարանը մերժել էր թուրք սպաների արտահանձնումը:

Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է ժամանել երեկ: Ցիպրասը նրա այցը պատմական է համարել՝ ընդգծելով, որ վերջին 65 տարիների ընթացքում սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է Հունաստան: