ԵԱՀԿ նախարարական խորհրդի Վիեննայում կայացած հանդիպման արդյունքով ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը իրենց հայտարարության մեջ նշում են, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա (այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում) կարգավորելու հարցում:
«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունն այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցնելու միակ ճանապարհ: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք գոհունակություն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին` կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու ուղղությամբ:
Հղում անելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ ձեռք առնելու՝ նախագահների հանձնառությանը՝ Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016-ին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն»,- մասնավորապես, նշված է հայտարարության մեջ:
Երեք արտգործնախարարները նաև ողջունում են հանգամանքը, որ կողմերն ընդունում են հայերի ու ադրբեջանցիների միջև շփումները վերականգնելու՝ համանախագահների առաջարկները: Նախարարները նաև աջակցում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:
«Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները, սակայն շեշտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է»,- նաև նշված է հայտարարության մեջ: