Փորձագետ․ Տնակներում ապրելը նպաստում է արտագաղթի ծավալների ավելացմանը

Ազգագրագետների գնահատմամբ՝ հոգեբանական ազդեցությունից զատ, 88-ի ավերիչ երկրաշարժը խորը հետք է թողել հասարակության կյանքի որակի վրա:

«Ազատության» հետ զրույցում փորձագետները նշում են, որ երկրաշարժը Հայաստանը տարավ այլ ուղղությամբ՝ բնակչության թվաքականի նվազում, արտագաղթ, ծանր տնտեսական պայմաններ։ Հետևանքներն է՛լ ավելի խորացան Խորհրդային Միության փլուզման և ղարաբաղյան պատերազմի պատճառով։

«Երբեմնի գեղեցիկ բնակավայրերը վերածվեցին տնակային ավանների՝ իրենց հետ ձևավորելով տնակային հոգեբանությունը», - ասում է գյումրեցի ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն ու պնդում՝ չլիներ երկրաշարժը, Գյումրիի բնակչությունն այժմ 3 անգամ ավելի կլիներ:

Աղետից հետո առաջ 238 հազար բնակիչ ունեցող Գյումրիի բնակիչների կեսը հեռացել է քաղաքից. - «Եթե ժողովրդագրական կայուն զարգացման պայմանները հաշվի առնենք և այ էս գործոնները անտեսենք՝ աղետ, պատերազմ, արտագաղթ, ապա ներկայումս մեր քաղաքը պիտի ունենար 320 հազարից ավել բնակիչ»:

Պաշտոնական տվյալների համաձայն, Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի բնակչությունը նվազել է 460 հազարով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 1988 թվականի հունվարին Հայաստանում մշտապես բնակվում էր 3 միլիոն 460 հազար մարդ։ 2016 թվականին, սակայն, Հայաստանի բնակչությունը կազմել է 2 միլիոն 998 հազար։

Բոյաջյանի խոսքով, որպես արդյունաբերական կենտրոններ հայտնի Շիրակի և Լոռու մարզերը աղետից հետո վերածվեցին «քանդված գործարաններով բնակավայրերի»։ Տարիներ անց դրանց մեծ մասն այդպես էլ չվերագործարկվեց։

Բոյաջյանը հիշում է 1992-ը, երբ Գյումրիի արդյունաբերական կենտրոնների 22 հազար աշխատողները, թեև արդեն հարկադիր պարապուրդի մեջ էին, բայց աշխատանքի վերադառնալու հույսը դեռ չէին կորցնում։ Ազգագրագետի կարծիքով, արդյունաբերության կորուստն ավելի մեծ վնաս հասցրեց ժողովրդագրությանը, քան երկրաշարժը։

Ցավ ու կորուստ տեսած, անօթևան դարձած բնակչությունը բռնեց արտագնա աշխատանքի ճանապարհը, որն աստիճանաբար վերափոխվեց արտագաղթի․ - «Արդյունաբերական ձեռնարկություններում զբաղվածների թիվը 87 թվականին եղել է 45 հազար: Ամենաշատը զբաղված են եղել թեթև արդյունաբերության ոլորտում՝ 23 հազար, որից 11-12 հազարը՝ տեքստիլ կոմբինատում»:

Փոփոխված հասարակարգով և աղետի հետևանքներն իր վրա կրող աղետի գոտին տարիների ընթացքում վերածվեց աղքատության բարձր ցուցանիշ ունեցող բնակավայրերի։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2016 թվականին աղքատության մակարդակը Շիրակի մարզում կազմել է 45 տոկոս։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը՝ 35.8 տոկոս:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը պատահական չի համարում այն, որ Շիրակն ու Լոռին Հայաստանի ամենաաղքատ մարզերն են, որոնք մոտ երեք տասնամյակ փորձում են հաղթահարել աղետի հետևանքները՝ հիմնականում բարերարների եւ ներդրողների օգնությամբ․ - «Իհարկե երկրաշարժը շատ մեծ հետք թողեց, և դա, ցավոք, մենք տեսնում ենք և՛ քաղաքի մարմնի վրա, և՛ մարդկանց հոգեվիճակի վրա»:

Սոցիալական, տնտեսական հետևանքներից զատ, ինչպես նշում են ազգագրագետները, երկրաշարժ տեսած բնակավայրերում փոփոխվեց նաև հոգեբանական վիճակը։ «Մարդիկ հրաժարվել էին հարսանիքներից, ուրախ միջոցառումներից», - հիշում է Արտաշես Բոյաջյանը։

Գայանե Շագոյանը գործընկերների հետ հետազոտություններ է անցկացրել զավակ կորցրած ընտանիքներում․ - «Նրանցից շատերը ծնվել են տարիքավոր ծնողներից: Որովհետև ծնվել են որպես նոր հույս երկրաշարժից հետո, երբ որ ծնողները կորցրել էին իրենց զավակներին: Նրանք հասկանում են, որ ապրում են ոչ միայն իրենց կյանքը, այլ իրենց զոհված և իրենց չտեսած եղբայրների կամ քույրերի կյանքը»:

Արտաշես Բոյաջյանը նշում է, որ աղետից հետո ծնված սերունդն այժմ երկրաշարժ տեսած բնակավայրերի 40-50 տոկոսն է կազմում: Նրա խոսքով՝ տնակներում ապրողները չարացած են իրենց շրջապատի և հատկապես իշխանության նկատմամբ, ինչը նպաստում է արտագաղթի ծավալների ավելացմանը։