Արամ առաջինը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Արամ առաջինն ասել է, որ այդ մոտեցումը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարությանն ու պատմական իրողությանը։

Միաժամանակ, Արամ առաջին վեհափառը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստված երեք կրոնների առջև՝ հրեական, քրիստոնեական ու մահմեդական, և նշված կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Լիբանանի նախագահն իր հերթին ևս մերժել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք։ Թրամփը հանձնարարել է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: