Պատգամավորներին մտահոգող հարցերին պատասխանող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը վստահեցրեց՝ օրենքի նպատակը ընտանիքի պաշտպանությունն է, ընտանիքում բռնության կանխարգելումը և բռնության ենթարկվածների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը։
Սակայն, իշխող Հանրապետականի պատգամավոր Հայկ Բաբուխանյանին դուր չէր եկել օրենքում տեղ գտած այն դրույթը, համաձայն որի, հասարակական կազմակերպություններին մեծ դերակատարություն է տրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործում:
Ինչպե՞ս պետք է մի հասարակական կազմակերպություն մտնի մի ընտանիք և սկսի պետության ֆունկցիաներ իրականացնել, հարցրեց Հայկ Բաբուխանյանը՝ հիշելով ուկրաինական հանրահայտ «Ֆեմեն» շարժման կանանց, ովքեր բողոքի ակցիաների ժամանակ մերկացնում են իրենց կուրծքը:
«Ֆեմեն» կազմակերպությունն՝ ուկրաինական, էն որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, չգիտեմ ինչ են անում, էդ էլ է քաղաքացիական հասարակություն՝ ոմանց կարծիքով։ Եթե դրանց էլ պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ներողություն, էդ քաղաքացիական հասարակություն տերմինը չեմ հասկանում», - ասաց Բաբուխանյանը։
Վիգեն Քոչարյանը հակադարձեց. - «Օրենքի ոչ մի դրույթ հնարավորություն չի ստեղծում որևէ հասարակական կազմակերպությանը որևէ ընտանիք, ինչպես դուք նշեցիք, ներխուժելու համար»։
Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորին դուր չէր եկել նաև օրենքի այն դրույթը, ըստ որի, ոստիկանը ենթադրության հիման վրա կարող է անհետաձգելի միջոցառումներ իրականացնել, եթե բռնության ենթարկված անձանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։
«Ոստիկանի ենթադրության հիման վրա մարդկանց կարելի՞ է վտարել տնից, 20 օրով հեռացնել և այլն, և այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Հնարավո՞ր եք տեսնում, որ ոստիկանը սխալ ենթադրի, որի արդյունքում, իրա ենթադրության պատճառով, ընտանիքը քանդվի, կամ մարդուն հեռացնեն ընտանիքից, երեխային ընտանիքից դուրս հանեն», - ասաց Բաբուխանյանը։
«Ֆեմեն»-ի կանանց կողմից կուրծքը մերկացնելու վերաբերյալ Հայկ Բաբուխանյանի դիտարկումը դուր չեկավ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին:
«Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ։ Թերևս սա է Ձեր վերաբերմունքը կանանց և նրանց նկատմամբ բռնության։ Խնդրում եմ ուշադիր լինել Ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ», - ասաց Թանդիլյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև անթույլատրելի համարեց կարևորագույն այս օրենքը մեկ ժամյա ռեժիմով քննարկելու որոշումը՝ շեշտելով՝ սա կոնկրետ վերաբերմունք է քննարկվող խնդիրների նկատմամբ:
Մանե Թանդիլյանը փորձեց նաև պարզել, ոստիկանները, ովքեր, ըստ օրենքի, պետք է նախազգուշացնող և միջամտող որոշումներ կայացնեն, մասնագիտական ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենան։
Արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքը նախատեսում է ոստիկանության հատուկ մասնագիտացված ստորաբաժանում, որն արդեն իսկ գործում է, և պարբերաբար վերապատրաստում կանցնի: Ի դեպ, այն տարբերվելու է ոստիկանության մյուս ստորաբաժանումներից՝ սկսած ոստիկանների համազգեստից։
Նշենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը բռնության ենթարկվածների պաշտպանության երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանության որոշում:
Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ և կատարված գործողությունն առերևույթ հանցակազմ չի պարունակում:
Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանության կողմից կարող է կայացվել այն դեպքում, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում կիրառվող բռնությունը սպառնում է բռնության զոհերի կյանքին և առողջությանը: Ոստիկանն այդ դեպքում հարկադրում է բռնություն կատարողին անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից: Ոստիկանի այս որոշման ժամկետը, սակայն չի կարող գերազանցել 20 օրը։
Պաշտպանական միջոցը կարող է կիրառվել միայն դատարանի կողմից և միայն տուժած անձի դիմումի հիման վրա: Ըստ այդմ, դատարանն, իր որոշմամբ, կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադրել անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից՝ արգելելով նրան վերադառնալ այնտեղ մինչև իր որոշմամբ սահմանված ժամկետը, տվյալ դեպքում մինչև վեց ամիս ժամկետով, ինչը կարող է ևս երկու անգամ երկարաձգվել:
Նկատենք, օրենքի քննարկման ժամանակ պատգամավորներին թերևս ամենաշատը հուզող խնդիրը հենց ոստիկաններին ընտանիքներ մուտք գործելու իրավունքի տրամադրումն էր:
Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորում էր չվերականգնել սովետական միության ժամանակ վատ համբավ ունեցող թաղայինների ինստիտուտը, որոնց միջոցով կանայք կործանում էին ամուսիններին:
«Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից, որոնք շատերն ամոթի ու բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած, համագործակցելով չարամիտ, ազատատենչ կանանց հետ, գլխահակ ամուսիններին ուղեկցում էին կա՛մ բանտ, կա՛մ տարագիր էին սարքում», - ասաց Պետրոսյանը։
Չնայած օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել իշխող Հանրապետականի ղեկավարած կառավարության կողմից, սակայն օրինագիծը քննադատողների մեջ ակտիվ էին նաև հանրապետականները։
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն շեշտեց՝ օրենքը, միևնույն, է իր նպատակին չի ծառայելու։
«Ցավոք սրտի, այս օրենքը չի նպաստելու ընտանիքներում բռնության դեպքերի նվազմանը, եթե չասեմ՝ ճիշտ հակառակը», - ասաց Ֆարմանյանը։
Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հնչող այն մտահոգություններին, թե օրենքը ոստիկաններին և հասարակական կազմակերպություններին հնարավորություն է տալու մտնել ընտանիքներ, հակադարձեց՝ մի արեք այնպես, որ ձեր ընտանեկան հարցերը դառնան ձեր հարևանների, կամ ձեր թաղի հարցը։
«Մեր ազգային ավանդույթները հայրը և մայրն են, ովքեր որոշում են, թե տղան ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքով։ Դուք գիտե՞ք, որ սենց երևույթ կա Հայաստանի Հանրապետությունում։ Վստրեչի կամրջով մեքենայով անցնում եմ, տեսնեմ մի տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ, իջել եմ, ասում եմ՝ «էս ի՞նչ ես անում», սենց ա ասում՝ «կնիկս ա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հավելենք, որ ըստ օրենքի, բռնության հինգ տեսակ է սահմանվում՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական և անտեսում:
Խորհրդարանն օրենքն առաջին ընթերցմամբ կքվեարկի վաղը: