Հանրապետության բոլոր բազմաբնակարանների ուժեղացման համար կպահանջվի 23-35 մլրդ դոլար

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյան

Եթե Սպիտակի ուժգնությամբ երկրաշարժ կրկնվի Երևանում, ապա բնակֆոնդի 40 տոկոսը կփլուզվի, իսկ եթե երկրաշարժը լինի գիշերով՝ զոհերի թիվը կհասնի 110 հազարի․ այս կանխատեսումները դեռ 2010 թվականին պետությունն արել է ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ համատեղ։ Բայց մինչև այդ էլ մասնագետները հստակ գիտեին, որ խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարանները չեն համապատասխանում ներկայումս գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության մասնագետ Զավեն Խլղաթյանի փոխանցմամբ՝ գնահատման համար մայրաքաղաքը բաժանվել է 3 տարբեր գրունտներից կազմած հատվածի, որից ամենառիսկայինը Աերացիա կոչվող տարածքում է․ - «Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ վնասվածքներ ստանալ: Այս տարաբաժանում երևի թե ենթադրվել է, որ նման գրունտների վրա կառուցված ճկուն շենքերի 20 տոկոսը միայն կարող է դիմակայել երկրաշարժին»:

Մայրաքաղաքի մոտ 4600 բազմաբնակարանների մեծ մասը կառուցված է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմանալու համար, բայց 88-ի աղետից հետո սեյսմիկ ռիսկը գնահատվել է 9 բալ և ավելի: Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով, շենքերը ներկայիս սեյսմիկ ռիսկին համապատասխանեցնելու համար կպահանջվի մոտ 12-15 միլիարդ դոլար։

Նկատենք, որ բազմաբնակարան շենքերի միայն 40 տոկոսն է Երևանում: Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը փոխանցեց, որ իրենց հաշվարկներով ամբողջ հանրապետությունում բազմաբնակարան շենքերի ուժեղացման համար անհրաժեշտ է 32-35 միլիարդ դոլարի ներդրում:

Հարցին, թե կա արդյոք նման տեսլական ու երբ այն կյանքի կկոչվի, Մովսիսյանն արձագանքեց, թե կառավարությունն իր եղած գումարներն առայժմ ուղղել է աղետի գոտու վերականգնմանն ու դպրոցաշինությանը․ - «Պիտի էս ծրագրերը պրծնի․․․ Մինչև 2030 թիվը մենք հազիվ դպրոցների 60-70 տոկոսը սեյսմիկ անվտանգ ենք սարքելու»:

Կրկին վերադառնալով Երևանին՝ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասում է, որ հեռակա ծրագրեր մշակելու փոխարեն նախ պետք է եղած բնակֆոնդն է՛լ ավելի խոցելի չդարձնել։ Պետությունն աջ ու ձախ կցակառույցներ անելու, շենքը ևս մեկ հարկով ավելացնելու թույլտվություններ է տալիս․ - «Մենք այսօր, երբ որ քայլում ենք քաղաքում, տեսնում ենք տարբեր տեսակի կցակառույցներ, հավելումներ․․․ Փոխարեն դրանք օգնեն շենքերի սեյսմիկ անվտանգությանը, ավելի խոցելի են դարձնում դրանք»:

Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյան հակադարձում է՝ ասելով, թե այդ հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Ըստ Ալեքսանդր Մովսիսյանի, իրական պատկերը հասկանալու համար նախ յուրաքանչյուր շենքի համար պետք է կազմվի տեխնիկական անձնագիր։

Ճարտարապետը հարցնում է պաշտոնյային՝ երեք տասնամյակում ինչու այդ գործը գլուխ չի եկել․ - «Մեկ շենքի տեխնիկական գնահատում տալը 80-100 հազար դրամի մասին է խոսքը: Էդ ձեր 4 հազար, 5 հազար շենքի համար նման փաստաթուղթ մշակել․․․ ծիծաղելի թվերի մասին է խոսքը: 30 տարվա ընթացքում էդ գումարներով, յուրաքանչյուր շենքի համար, չեմ ասում հիմքերը բացեին․․․ այլ ունենային անձնագրերի նախագծերը»:

Ալեքսանդր Մովսիսյանի արձագանքը․ - «Տեխնիկական անձնագիրը 80-100 հազար չի: 80-120 հազարը դա շենքի տեխնիկական եզրակացությունն է․․․ Մի հատ պատկերացրեք, ամբողջ Հայաստանում 18 հազար բազմաբնակարան շենք կա․․․ Հետո օրենք կա, որ էսօր [դա] սեփականատերի ֆունկցիան ա»:

«Սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար ընտրվել է նաև տեղեկացված հասարակություն ունենալու տարբերակը՝ առաջին հերթին թիրախավորելով դպրոցականներին», - ասում է ԱԻՆ պաշտոնյան։