Գյումրիում կյանքը որակապես փոխվելու է, այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով. - «Մենք ռեգուլյար ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղի կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է»։
Վարչապետը նշեց, որ այն պրոբլեմները, որ այսօր Գյումրին ունի, ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ «Ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել և համապատասխանաբար աշխատել», - ասաց Կարապետյանը։
Հարցին, թե ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, վարչապետը պատասխանեց. - «Վաղը չէ մյուս օրը ասեմ։ Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքները, հատուկ ծրագիր ունենք։ Աշխատատեղեր ե՞րբ են բացվելու՝ ի՞նչ պատասխանեմ Ձեզ, սիրելիս, ասեմ վաղը չէ մյուս օրը»։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ են անում աղքատությունը կրճատելու համար, Կարեն Կարապետյանը պատասխանեց. - «Կառավարության ամբողջական ծրագիրը դրան է ուղղված»։
Նշենք, որ Գյումրիում այսօր մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին։ Արարողությանը մասնակցում էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։