Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները», - ասված է հաղորդագրությունում։
Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018 թվականի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։
Նույն օրը ավելի վաղ Նալբանդյանը հանդիպել էր Մինսկի խմբի միջնորդների հետ:
Այս տարվա հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:
Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում էլ կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: