Շատ բան պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից. քաղաքագետ

Քաղաքագետ Միքայել Զոլյանի խոսքով՝ առանձնապես շատ բան պետք չէ սպասել այսօր Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից։

Սակայն, քաղաքագետն ինքնին հանդիպման փաստը դրական է գնահատում։

«Եթե չլիներ այդ հանդիպումն, ավելի վատ կլիներ բոլորի համար. ակնհայտ կլիներ, որ [բանակցային] գործընթաց չկա, և ավելի մեծ կլիներ ռազմական միջադեպերի հավանականությունը։ Այնպես որ լավ է, որ հանդիպումը կա։ Ինձ թվում է, որ վերջերս ինչ-որ իրատեսության նոր միտում կա, օրինակ Լավրովը հայտարարություններ էր արել, որ «հեշտ չի լինելու» այդ գործընթացը, որ «ժամանակ է պահանջվում»։ Պետք էլ չէ ակնկալել, որ միանգամից ինչ-որ հարցեր կլուծվեն։ Կարծում եմ, որ սա ինչ-որ տեղ պատասխան էր վերջերս թուրք-ադրբեջանական, մի նախաձեռնություն կարելի է անվանել, կամ մանիպուլացիաներ էին, չգիտեմ, բայց շատ էր խոսվում, որ իբր Էրդողանը Պուտինին կհամոզի, որ Պուտինն իր հերթին Հայաստանի վրա ինչ-որ ճնշում գործադրի, և իբր Պուտինի պլան կա։ Ադրբեջանական աղբյուրներում, որ նայում էինք՝ էլի էդ նույն հինգ շրջաններ, փախստականների վերադարձ Ղարաբաղ և այլն, որոնք ակնհայտորեն մաքսիմալիստական պահանջներ են, որ նման բանի ոչ ոք երբեք չի համաձայնվի», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Պուտինը, և ընդհանրապես Ռուսաստանի ղեկավարությունը պարզ չի, թե ինչու պետք է Էրդողանին լավություն անի Ղարաբաղի հարցում։ Երբ որ նայում ենք ռուս-ադրբեջանական հարաբերություններին, բավականին խնդիրներ կան, օրինակ՝ երբ, որ Ադրբեջանում Ռուսաստանի հին դեսպանը գնաց, նոր դեսպանին չեն ընդունել, դա լուրջ խնդիր է։ Հայտարարվեց, որ այդ դեսպանի հայամետ դիրքորոշման պատճառով չեն ընդունում։ Դա արդեն նշանակում է, որ լուրջ խնդիր կա երկկողմ հարաբերություններում։ Այնպես որ ենթադրել, որ հիմա Ռուսաստանը պետք է ինչ-որ ճնշում կգործադրի մեր վրա, որ մենք ինչ-որ բան ստորագրենք, դա անհիմն է, իսկ ենթադրել, որ Ադրբեջանն ինչ-որ լուրջ զիջումների կգնա և ինչ-որ փոխզիջում ձեռք կբերվի այս հանդիպման արդյունքում, դա ևս կարծում եմ, որ անհիմն է, այնպես որ ես մեծ սպասումներ չունեմ»։

Հարցին, թե ԵՄ-ի հետ օրերս ստորագրված նոր համաձայնագիրը կարո՞ղ է ավելի վստահ կեցվածք տալ Հայաստանին այս հանդիպման համար, Զոլյանը պատասխանեց. - «Ինչ-որ չափով այո՛, իհարկե դրանից չեն կարծում, որ ինչ-որ հետևանքներ լինեն, բայց, այո՛, այսօր Հայաստանի պաշտոնյաները կարող են մի փոքր ավելի վստահ դիրքերից հանդես գալ, Ադրբեջանն էլ հայտնվել է որոշակի մեկուսացման մեջ, որովհետև Եվրոպայի հետ իրենց հարաբերություններն առաջ չեն գնում, իսկ Ռուսաստանի հետ էլ բավական անհասկանալի իրավիճակ է։ Այնպես, որ այս իմաստով հայտնվել ենք շահեկան դիրքերում, բայց դա դժվար թե ազդի իրական գործընթացների վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ կիարող եք դիտել այստեղ.