Հարավային Կորեայում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում այսօր որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետություններից 50 հայտ, այդ թվում՝ 35 հայտ Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համար:
Ներկայացուցչական ցանկում գրանցված են նաև Հայաստանի կողմից ներկայացված հետևյալ տարրերը` «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), հիշեցնում է արտգործնախարարությունը: