ԵՄ-ը հրապարակել է հարկերից խուսափողների թաքստոցներ համարվող 17 երկրների «սև ցանկը»

Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սև ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար:

«Եվրամիության մակարդակով մենք ընդունեցինք երկրների ցանկը, որոնց կառավարությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում հարկերից խուսափելու դեմ պայքարելու գործում», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը: Նա ասել է, որ այդ երկրները կարող են կորցել Եվրամիության հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, նրանց դեմ կկիրառվեն նաև այլ միջոցներ, որոնք Եվրամիությունը կքննարկի մի քանի շաբաթների ընթացքում:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկին ասել է, որ այդ ցանկից բացի, ընդունվել է 40-ից ավելի երկրների ցուցակ, որոնք պարտավորություններ են ստանձնել: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ այդ «մոխրագույն» կոչվող ցանկում 47 երկրների թվում ընդգրկված է նաև Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:

Եվրամիությունը ակնկալում է, որ այդ խոստումների մեծ մասը կիրականացվի 2018 թվականի ընթացքում, բայց զարգացող երկրներին որոշ չափանիշների հասնելու համար ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2019-ի ավարտը:

Վերջին տարիներին լրագրողական հետաքննությամբ զբաղվող միջազգային խմբերը օֆշորային գոտիների տվյալներ հրապարակեցին, որոնց ծառայություններից օգտվում են պաշտոնյաներ, գործարարներ, ճանաչված անհատներ աշխարհի շատ երկրներից: Վերջին հրապարակումը նոյեմբերի սկզբին էր՝ «դրախտային դոսյեն», որը պարունակում էր միլիոնավոր տվյալներ ու փաստաթղթեր:

Ավելի վաղ հրապարակվել էին «Պանամական փաստաթղթերը»: Սա նաև այլ օֆշորային գոտիների տվյալներ էր պարունակում, և «Հետք»-ը պարզել էր, որ հրապարակված նյութերում 26 հայաստանցի կար, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը և Վարդան Տողանյանը: Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց պետական բարձր պաշտոնից, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ բացեց ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով, բայց հետո այն կարճվեց, ու Պողոսյանը, ընդգրկվելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում, Ազգային ժողովի պատգամավոր դարձավ: Իսկ Վարդան Տողանյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: