Թրամփի փաստաբանը հերքում է Մյուլերի՝ Deutsche Bank-ից տվյալներ խնդրելու մասին տեղեկատվությունը

Գերմանիա - Deutsche Bank-ի կենտրոնակայանը Ֆրանկֆուրտում, արխիվ

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մի քանի շաբաթ առաջ գերմանական Deutsche Bank-ից պահանջել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու ընտանիքի անդամների հաշվեհամարների և դրամական փոխանցումների մասին տեղեկություններ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով խնդրին մոտ կանգնած աղբյուրներին: Թրամփի փաստաբան Ջեյ Սիքյուլոուն, մինչդեռ, հերքել է այս տեղեկությունները:

Մյուլերը, հիշեցնենք, հետաքննում է Թրամփի նախընտրական արշավի ու Ռուսաստանի ենթադրյալ կապերը և Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրությունների վրա: