Հայաստանում յուրաքանչյուր տասը բնակչից երեքն աղքատ է․ ԱՎԾ զեկույց

2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40, 867 դրամ կազմող վերին աղքատության գծից ցածր եկամուտ է ունեցել:

2015 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է ընդամենը 0,4 տոկոսային կետով: 2016-ին Հայաստանում աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 880 հազար մարդ, որոնցից շատ աղքատ են համարվել 295 հազարը, ծայրահեղ աղքատ՝ 54 հազարը:

Ըստ զեկույցի, Հայաստանի ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը: Ուսումնասիրությունն իրականացվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, աղքատության գիծն էլ հաշվարկվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության չափորոշիչներով: Այսօր զեկույցի հրապարակմանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ընդգծեց․

«Եթե երկիրը շատ լուրջ նպատակ ունի՝ նվազեցնելու աղքատությունը, կարծում եմ, որ դա պետք է սկսել Շիրակի մարզից, որովհետև եթե ինչ-որ կարևոր բան չանենք Շիրակի համար, որպեսզի կրճատենք այնտեղ աղքատության մակարդակը, ապա ընդհանուր առմամբ կունենանք համեստ արդյունք»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետազոտությունների, մշտադիտարկման և գնահատման խորհրդատու Ադրինե Բաբլոյանն էլ շեշտեց հատկապես մանկական աղքատության հիմնախնդիրը, որը, նրա խոսքով, վերարտադրվող երևույթ է, այսինքն՝ աղքատությունը սոցիալապես անապահով ընտանիքներում չի հաղթահարվում:

Սոնա Չաթոյանն իր երեք անչափահաս երեխաների և ամուսնու հետ արդեն վեց տարի է Վանաձորից տեղափոխվել է Երևան: Մեզ հետ զրույցում նա ասաց՝ 36000 դրամ նպաստ են ստանում, ամուսինն էլ օրավարձով է աշխատում: Ստացած գումարը չի բավականացնում բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար: «Չի բավականացնում, գազն անջատում ենք, որ պարտքերի մեջ չմնանք: Տան վարձը մենակ 50 հազար դրամ ա: Չենք հասցնում: Շատ ահավոր վիճակ ա՝ գժվում ենք արդեն»,- ասում է Սոնա Չաթոյանը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի բյուջեի նախագծով կենսաթոշակների և բյուջետային աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Վերջին անգամ դրանք բարձրացել են 2015 թվականին: Օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով այս հարցին, ասել էր․ «Իհարկե հասկանում ենք, որ գնաճը բնակչության կենսամակարդակի վրա, բնականաբար, էն խավերի, որոնց եկամուտը բացառապես պետական աջակցության ծրագրերը կամ կենսաթոշակներն են, այո, ունենալու է որոշակի ազդեցություն: Եթե մենք կենսաթոշակների չափերը չենք ավելացնում, այդ առումով խնդիրը միանշանակ է»:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի նվազի աղքատության մակարդակը: Պատասխանելով այս հարցին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Մորից Մեյերը մի քանի գործոն թվարկեց․ «Առաջինը դա տնտեսական աճն է: Տնտեսական աճը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության նվազեցմանը: Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ տրանսվերտները շատ կարևոր դեր են խաղում հատկապես Հայաստանի նման երկրի համար: 2010 թվականից հետո այդ տրանսվերտների հոսքի նվազումն իհարկե ազդեցություն է ունեցել աղքատության մակարդակի վրա: Հաջորդ կետը՝ մենք տեսնում ենք, որ սոցիալական աջակցությունը, պաշտպանությունը շատ կարևոր դեր է խաղում, որպեսզի աղքատ տնային տնտեսություններն էլ ավելի չընկղմվեն աղքատության մեջ»: