Գեներալ Բաղմանյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, ավելի վաղ նրան հորդորել էր հեռանալ Վիգեն Սարգսյանը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքէջը:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, թե իր հորդորով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր է ներկայացրել: Նախարարն այս մասին տեղեկացրել էր այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Գեներալ Բաղմանյանը ներկայացրել է զեկուցագիր զորացրվելու մասին, իմ հորդորով: Ինչպես միշտ, այդ որոշումները կայացնում է հանրապետության նախագահը»,- ասել էր նախարարը, որպես իր հորդորի պատճառ բերելով հետևյալ բացատրությունը․ «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»:

Սովորաբար, երբ պաշտոնանկ են արվել հատկապես բարձրաստիճան զինվորականներ, գրեթե միշտ պաշտոնական տեղեկությունների մեջ նշվել է․ ազատվել են սեփական դիմումի համաձայն: Ուշագրավ է, որ այս անգամ պաշտպանության նախարարը ոչ միայն հրապարակավ հայտնում է, որ իր հորոդորով է գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր գրել, այլև նշում է պատճառը՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալը չի կատարել իր պարտականությունները:

Ըստ էության, սա առաջին դեպքն է, երբ հանրությանը տեղեկացնում են զինուժի բարձրաստիճան սպայի ոչ թե հրաժարականի, այլ պաշտոնանկության մասին:

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը համարվում է բանակի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: 1999 թվականից մինչև 2009-ը նա զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները: 2009 -ից նա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալն է:

Հայկազ Բաղմանյանի անունը շարունակաբար կապվում էր այս կամ այն քրեական պատմության կամ բիզնեսների հետ: 2010 թվականին «Հետք» պարբերականը գրեց, որ հայկական զինված ուժերի բարձրաստիճան սպան մասնակցել է քրեական աշխարհում հայտնի Արմեն Կանևսկոյի հոգեհանգստի արարողությանը:

2014 թ․ հուլիսին հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Բաղմանյանը՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ, ռուսաստանյան պետհամարանիշներով Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած: Ընդ որում, այդ նկարներում բարձրաստիճան սպային ուղեկցում է նույնպես թանկարժեք՝ Toyota Land Cruiser մակնիշի մի ավտոմեքենա: Թե ժամկետային զինծառայությունից հետո մշտապես՝ նախ խորհրդային, ապա հայկական զինված ուժերում ծառայած սպան ինչպե՞ս է կարողացել ձեռք բերել նման թանկարժեք ավտոմեքենաներ, և արդյո՞ք այդտեղ չկան կոռուպցիոն ռիսկեր, պաշտպանության նախարարությունն այս հարցերն այդպես էլ չպարզաբանեց:

Անցած տարվա սեպտեմբերին «Ազատության» հետ զրույցում Մարտունու պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը հրապարակավ հայտարարել էր՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը խլել է իր բիզնեսը՝ վերցնելով պանրագործարանի տարածքում կառուցված գազալցակայանը, որն այժմ կառավարում է գեներալի 28-ամյա որդին՝ Պավել Բաղմանյանը: Գործարարի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն այն որևէ հետևանք չունեցավ:

Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքը, թե իր հորդորով է գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր ներկայացրել, նպատակ ունի ցույց տալ, որ նախարարն անհրաժեշտ կշիռ ունի նախարարությունում՝ նման մակարդակի որոշումներ կայացնելու և փոփոխություններ իրականացնելու համար:

«Սա ազդակ է թե՛ արտաքին ուժային կենտրոններին, թե՛ հասարակությանը, թե՛ իշխող համակարգին՝ զինված ուժերում Վիգեն Սարգսյանի քաղաքական կշռի առնչությամբ: Այդ աննախադեպ բնորոշումը, որ իր հորդորով է պաշտոնանկ լինելու Բաղմանյանը, կարծում եմ հենց այդ ազդակն է, հաշվի առնելով այն օդիոզ կերպարը, որն ունի Բաղմանյանը բանակում և հանրության շրջանում, երբ մեղմ ասած բացասական կարծիքներն են գերակշռում:

Այս պաշտոնանկությունն ուշագրավ է այն հայտարարության ֆոնին, որն արեց Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի իմաստով, արդիականացման հեռանկարը, որն անհրաժեշտ է մեր բանակին, անպայման ենթադրելու է նաև էս տեսակ կադրային փոփոխություններ: Մեր բանակին անհրաժեշտ է լիովին նոր մտածողությամբ բարձրագույն հրամկազմ, որը դաշտային անցյալից բացի ունի նաև ռազմաքաղաքական տեսլական»,- ասաց մեկնաբանը: