Շարունակվում է դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» գործով Արամ Մանուկյանի և մյուսների դատավարությունը։
Մեղադրող դատախազը շարունակում էր մեղադրական եզրակացության հրապարակումը, երբ ամբաստանյալները հայտարարեցին, որ չեն ցանկանում լսել մեղադրանքը և ուզում են լքել նիստերի դահլիճը։
«Մենք չենք ուզում մնալ և լսել նույն կեղծ մեղադրանքները։ Մենք հանցագործ չենք, ինչպես ներկայացվում է, և պետության դեմ այստեղ որևէ մեկը գործ չի կատարել», - հայտարարեց ամբաստանյալներից Արամ Հակոբյանը։
Փաստաբաններն իրենց համաձայնությունը հայտնեցին ամբաստանյալների որոշմանը։
Չնայած մեղադրող դատախազի առարկություններին, նիստը նախագահող դատավորը բավարարեց ամբաստանյալների միջնորդությունը և թույլատրեց նրանց լքել նիստը։
«Եթե դուք ուզում եք գնալ մինչև եզրափակիչ մասը չլսելը, ես բավարարում եմ ձեր միջնորդությունը», - հայտարարեց Արթուր Օհանյանը։
«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: