Հայաստանում դարձյալ նավթ են որոնելու

Առաջիկայում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նախատեսվում է նավթի որոնման աշխատանքներ իրականացնել: Իսկ Վայոց ձորի մարզում արդեն իսկ կանադական մի ընկերություն ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությամբ սկսել է որոնողական աշխատանքները: Այսօր այս մասին Գյումրիում անցկացված հանրային քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանութան նախարարութան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական ՊՈԱԿ-ի մասնագետ Զարուհի Զուռնաչյանը:

Նավթի պաշարների որոնողական աշխատանքներ սկսելու համար բնապահպանության նախարարության եզրակացությանն է սպասում ևս մեկ՝ նորաստեղծ «Հայկական նավթի և գազի» ընկերությունը: Այս ընկերությունը պատկանում է «Էներգո Ինվեստ» հոլդինգին, որի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունն է: Հոլդինգի կայքում նշված տեղեկությունների համաձայն՝ «Տաշիր Կապիտալի» բաժնետոմսերի գերակշիռ մասը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին է պատկանում:

«Հայկական նավթի և գազի» ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ իրականացնել Շիրակի մարզի 6 համայնքներում: Այսօր կայացած հանրային քննարկման ժամանակ ընկերության ներկայացուցիչ Էրիկ Անանյանն ասաց, որ մինչ այժմ իրականացված ուսումնասիրություններից տարբերվող մեթոդով են նավթ որոնելու:

«Մենք ցանկանում ենք ալիքային հետազոտությունների միջոցով հասկանանք՝ կան՞ արդյոք նավթի և գազի պաշարներ, որոնք ունենան արդյունաբերական նշանակություն: Ուսումնասիրությունը կատարվելու է մագնիսային և ռեզոնանսային ալիքների միջոցով, տվյալ պահին հորատանցքեր չենք փորելու, ուղղակի կազմելու ենք տեղանքի գեոլոգիական քարտեզը: Եթե հասկանանք, որ կա որոշակի արդյունաբերական նշանակություն, արդեն կգա հաջորդ փուլը»,- ասաց Անանյանը:

Հանրային քննարկմանը մասնակցում էին երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողներ: Նրանցից ոմանք տարիներ առաջ մասնակցել են նավթի որոնողական աշխատանքներին: Հիշեցնենք՝ այդ աշխատանքների արդյունքում Հայաստանում նավթ չի հայտնաբերվել: Որքանո՞վ է հավանական, որ Շիրակի մարզում նավթի պաշար կա, որոնողական աշխատանքների մասնակից Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ ի տարբերություն մինչ այժմ իրականացված աշխատանքների, երբ հասել են մինչև 4 կմ խորության, հիմա ավելի խորն են թափանցելու, հավանականության գնահատումն էլ դեռ վաղ է:

Մեկ այլ գիտաշխատող Ռոլան Գասպարյանը մտահոգ է՝ եթե նույնիսկ նավթ հայտնաբերվի, դա վտանգներ է պարունակում․ «Շիրակի մարզի համար ահռելի վտանգ եմ տեսնում, եթե նույնիսկ նավթ հայտնաբերվի, որովհետև դա մեր գյուղատնտեսության համար կործանարար ազդեցություն կունենա»:

Բնապահպանները մտահոգ են, նրանց պնդմամբ՝ մագնիսառեզոնանսային հետազոտությունն անվտանգ չէ բուսական ու կենդանական աշխարհի համար: Սակայն, ըստ Զարուհի Զուռնաչյանի, շրջակա միջավայրի վրա ընտրված մեթոդով իրականացվելիք որոնողական աշխատանքները չեն ազդի: «Ըստ ներկայացված նախագծային տվյալների, այս մեթոդը որևէ ազդեցություն բնության վրա չի կարող ունենալ»,- վստահեցրեց Զուռնաչյանը:

Թե երբ կսկսվեն նավթի որոնման աշխատանքները, դեռ պարզ չէ: Համենայն դեպս՝ այսօրվա հանրային քննարկումը համարվեց կայացած՝ դրական եզրակացության տրամադրման համար: