Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել՝ արդյո՞ք հարկավոր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, թե՞ կարգադրել, որպեսզի ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները՝ Թրամփի փեսան:
Ժամեր առաջ ելույթ ունենալով Brookings Institution-ում՝ Քուշները մանրամասնել է, որ Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է մտորել հարցի շուրջ, և սպասվում է, որ իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի 5-ին կամ 6-ին:
Իսրայելը Երուսաղեմն իր միակ և անբաժանելի մայրաքաղաքն է համարում: Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: ԱՄՆ մի շարք դաշնակիցներ, սակայն, դեմ են դրան, քանի որ պաղեստինցիները ևս հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ: