Նախիջևանից ներգաղթածների գյուղում՝ Զեդեայում, խնդիրները բազմաթիվ են

Վայոց ձերի մարզի Զեդեա գյուղը, որը 1988 թվականին վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից գաղթած հայերով, ճանապարհի խնդիր ունի:

«Երևի եկաք տեսաք՝ ինչ ճանապարհներ են: Դիմել ենք ժամանակին տարբեր տեղեր, բայց արդյունքի չենք հասել», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմում է գյուղի բնակիչներից Սուրիկ Սարգսյանը: ֊ «Բնակելի տների խնդիր ունենք՝ չորրորդ վթարային․․․ կուլտուրայի տուն չունենք, գազ չունենք համայնքում, ոռոգման ներքին ցանց չունենք», ֊ շարունակում է թվարկել նա:

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Այստեղ այլ աշխատանք գրեթե չկա, դպրոցում մեկ-երկու ընտանիք է աշխատում: Անցած տարի՝ համայնքների խոշորացման առաջին փուլում գյուղը միավորվել է Վայք քաղաքին, ինչի հետևանքով գյուղապետարանի աշխատատեղերը ևս կրճատվել են:

«Ասում ենք՝ համաչափ զարգացում, պիտի ոչ գյուղը, ոչ քաղաքը տարբերություն չլինի: Հավասար պիտի զարգացնեն, բայց ոչ մի զարգացում», ֊ արձանագրում է մեր զրուցակիցը:

Զեդեայի նախկին գյուղապետը չորս որդի ունի, չորսն էլ աշխատանք չունեն: Երևանում էլ որդիներից մեկին մերժել են աշխատանքի ընդունել․ ֊ «Գնացել ենք սուպերմարկետ, հարց ու փորձ էին արել, ասել էին՝ մարզերից չի լինի․․․ երևի մտածում էին՝ խնդիր կլինի գնալ-գալու հետ կապված, ասացին՝ մարզից չենք ընդունում, մենակ տեղաբնակ»:

Զեդեայում երեկոյան վեցից հետո դրսում անելիք չունենալու պատճառով տանն են փակվում: Մեր այցելության ժամանակ գյուղի բնակիչները անակնկալի եկան, կատակեցին, թե՝ երեկոյան ժամերին սովորաբար հյուրեր չեն ունենում, միայն վարկի մարդիկ են գալիս:

Գյուղում խանութ չկա, գնումները կատարում են Վայք քաղաքից: Տրանսպորտ ևս չունեն:

2000 թվականին Սուրիկ Սարգսյանը համայնքի ղեկավար է ընտրվել, որպես պաշտոնակատար աշխատել է մինչև 2016 թվականը: Նախկին գյուղապետը չի կարծում, թե գյուղերի խոշորացումը լավ գաղափար էր․ ֊ «Խոսացել են, եկել են, ժողով են արել: Ես ընտրովի մարմին եմ եղել, իմ ժամանակը դեռ չէր լրացել, ես արդեն դուրս էի եկել: Կառավարության որոշումն է, ինչ կարող ես անել: Դա վերևների խնդիրն է՝ ոչ մի բան էլ չես կարող անել»:

Սարգսյանը ցավով նշում է՝ գյուղերը դատարկվում են, ի վերջո, գյուղերի քայքայմանն ականատես կլինենք․ ֊ «Մեր հայրենիքն է, սաղս էլ ուզում ենք պահենք, պաշտպանենք, բայց եթե գյուղը չլինի, քաղաքը չի լինի..․ բայց դե ինչ արած»:

Զեդեայում մոտ 200 մարդ է ապրում: Վայոց ձորի մարզում, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2004-2017 թթ․ համաչափորեն նվազում է բնակչության թիվը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում: 2004 թվականին եղել է 55 հազար բնակիչ, այժմ հիսուն հազար: Հիմնական նվազումը նկատվել է 2015-2016 թվականներին: